HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն պատրաստ է Ռուսաստանում պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Լավրով

Ադրբեջանը պատրաստ է ՌԴ տարածքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անորոշ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր արևմտյան գործընկերներն ուզում են, որ միայն իրենց տարածքում (Հայաստանի և Ադրբեջանի միջև-խմբ.) խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա փաստ է։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ է դա ստորագրել ռուսական տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությանը վերջ տալու և բոլոր հարցերի կարգավորման շուրջ փոխգործակցության ամբողջ համակարգի կառուցման ջանքերը, դա նույնպես փաստ է։ Թե որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ, թեև համապատասխան ազդակները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է Լավրովը։ 

Նա հավելել է, որ ի սկզբանե պայմանավորվածություններ էին ձեռք բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ պայմանավորվածությունների իրագործումից հետո ստեղծվեցին երթուղիների ապաշրջափակման և սահմանազատման մեխանիզմներ։ «Հենց այդ ժամանակ եվրոպացիներն ու ամերիկացիները սկսեցին ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լավրովն այն կարծիքին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ, որին խորհուրդներ է տալիս Արևմուտքը։ 

«Ամենայն հարգանքով հանդերձ, պատճառը տեսնում եմ Երևանի դիրքորոշման մեջ»,- շարունակել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Էրդողանի ու Ալիևի առաջարկած «3+3» ձևաչափին՝ այն համարելով «հեռանկարային, քանի որ կախված չէ գլոբալ քաղաքական կոնյունկտուրայից»։

«Մենք առաջարկել ենք առավել ակտիվ զարգացնել հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, և նրանց երեք մերձավոր մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության մեխանիզմը։ Երկու հանդիպում տեղի ունեցավ, հայ ներկայացուցիչները մասնակցեցին: Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում հենց այդ ձևաչափը հեռանկարային կլինի, քանի որ այն կախված չէ ինչ-որ գլոբալ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից ու զերծ է հեգեմոնիայի պահպանման այն աշխարհաքաղաքական խաղից, որն այժմ զարգացնում է Վաշինգտոնը՝ Բրյուսելի իր գործընկերների հետ միասին»,- եզրափակել է Լավրովը։

Լուսանկարը՝ Sputnik / Ramil Sitdikov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter