
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լենինգրադի մարզում խոցված անօդաչուի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունվարի 18-ի գիշերը Լենինգրադի մարզի տարածքում անօդաչու է խոցվել։ Այս մարզում անօդաչուի խոցման մասին ռուսական իշխանությունները հայտնում են Ուկրաինա ներխուժումից ի վեր առաջին անգամ։
Ինչպես հայտարարել է ռուսական պաշտպանական գերատեսչությունը, գիշերը Մոսկվայի ժամանակով մոտ 01:30-ին (Երևանի ժամանակով՝ 02:30-ին) հակաօդային պաշտպանության ուժերը ևս մեկ անօդաչու են խոցել Մոսկվայի մարզի տարածքում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ անօդաչուն խոցվել է Պոդոլսկ քաղաքի շրջանում։
Նախնական տվյալներով՝ ավերածություններ և տուժածներ չկան։ Լենինգրադի մարզի իշխանությունները հարձակման հետևանքների մասին տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։
Հունվարի 17-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են «Точка-У» համալիրի երկու հրթիռ և Բրյանսկի մարզի տարածքում վնասազերծել երեք անօդաչու։ Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Վնասվել է բնակելի մեկ տուն, իսկ արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում գտնվող շենքերից մեկում մասամբ վնասվել են լուսամուտների ապակիները։
Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հունվարի 18-ի առավոտյան հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը մարզի տարածքում գիշերը խոցել են 10 հրթիռ։ Նախնական տվյալներով, որը նա ներկայացրել է տելեգրամյան իր ալիքում, տուժածներ չկան։
Նահանգապետը նշել է, որ Բելգորորդ քաղաքի շրջանում մասնավոր տներից մեկի վնասված լուսամուտները չհաշված, ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։
Լուսանկարը՝ building-tech.org-ից
Մեկնաբանել