HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապահովվի նոր ներդրումների հոսք, կստեղծվեն բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» որոշում, որի նպատակն է նոր ներդրումների հոսքի ապահովումը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսավորման ինստիտուտի ներդրմանը: Դա էլ իր հերթին կարևոր նախապայման է կապիտալի շուկայի զարգացման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն երեք նոր ֆոնդեր՝ այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն ընձեռելով տնտեսավարողներին, միևնույն ժամանակ ներդրումային ֆոնդերին ներդրումային կարողությունների ընդլայնման հնարավորություն տալով։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդի վերոշարադրյալ փորձը հաշվի առնելով ակնկալում է, որ հավաքագրված հարկեր/պետության կողմից կատարված համախառն ներդրումներ ցուցանիշը կկազմի 20%: Ի լրումն նշյալի` ակնկալվում է, որ բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների ստեղծումն ու ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների աճը կունենան հավելյալ մուլտիպլիկատիվ ազդեցություն։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը՝ ծրագրի շահառու են համարվում այն ներդրումային ֆոնդերը, որոնք ներդրումներ են կատարում ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում:

Ծրագրով գերակա ոլորտներ են համարվում՝ մշակող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը: «Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարում են 1 մլրդ կամ ավելի ԱՄՆ դոլար չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ ներդրողի կողմից առնվազն 250 մլն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի քան 3 մլրդ դրամը»,-ասել է Անի Իսպիրյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Այսպիսով՝ մենք ուզում ենք հրավիրենք և խթանենք միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը թեմայի առնչությամբ նշել է. «Այստեղ ոչ թե նվազագույն չափի վրա պետք է ուշադրություն դարձնել, այլ մյուս չափի, որը կառավարության ֆինանսավորման կամ համաֆինանսավորման առավելագույն չափն է՝ 3 մլրդ դրամը:

Դա նշանակում է, որ միջազգային 1 մլրդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 մլրդ դրամ ակտիվ, ևս 3 մլրդ դրամ կներդնի կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է:

Իհարկե, մեր նպատակն այն է, որ այսպիսի միջազգային հեղինակության և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական, այլ առաջին հերթին կառավարման մշակույթի ներկայություն է:

Միևնույն է, այն կազմակերպությունները, որտեղ իրենք պետք է ներդրումներ կատարեն, թվով շատ են, և յուրաքանչյուր կազմակերպությունում, որտեղ իրենք փայեր են ձեռքբերում, իրենք նախ և առաջ լուծում են ֆինանսական, կառավարման թափանցիկության, շահերի բաշխվածության և հակակշիռներ ստեղծելու կորպորատիվ կառավարման մեխանիզմների ու այլ կարևոր կանոնների միջև, որոնք հենց մասնավոր հատվածի կառավարման մշակույթի ձևավորման կարևոր կամ առաջընթաց քայլ են»:

Լուսանկարում՝ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter