
Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում առկա իրավիճակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Իսրայելում և Գազայում վերջին զարգացումները»,- ասված է ամերիկյան վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, Բայդենն ու Նեթանյահուն խոսել են «ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդներին ազատելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի մասին»: «Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակը ու Իսրայելի անցումը առավել թիրախային գործողությունների, որոնք կհեշտացնեն մեծ քանակությամբ մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ «պահպանելով ՀԱՄԱՍ-ի ու նրա առաջնորդների վրա զգալի ռազմական ճնշումը»,- նշել է Քիրբին։
Քիրբիի խոսքով՝ Բայդենը համոզված է երկու պետությունների համակեցության սկզբունքի հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցում և կրկին կոչ է արել Նեթանյահուին ռազմական գործողություններ իրականացնելիս խուսափել խաղաղ բնակիչների զոհվելուց։
Լուսանկարը՝ Brendan Smialowski / AFP file
Մեկնաբանել