
Կրեմլը դեռևս չի կողմնորոշվել, թե երբ Պուտինը կայցելի Թուրքիա ու Հյուսիսային Կորեա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա և Հյուսիսային Կորեա այցերի ճշգրիտ ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Չկան (ճշգրիտ ժամկետներ-խմբ.)։ Դիվանագիտական ուղիներով համաձայնեցումը դեռ շարունակվում է։ Երբ ժամկետները լինեն, մենք դրանց մասին ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին այս շաբաթվա սկզբին այցելել էր Մոսկվա, որտեղ բանակցել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս հանդիպումից հետո երկու նախարարները հանդիպել էին նաև Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը Փհենյան այցելելու գործող հրավեր ունի։
Բացի այդ, Ռուսաստանի առաջնորդը պայմանավորվածություն ունի հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես ավելի վաղ նշել էր Պեսկովը, ճշգրիտ ժամկետներ դեռ ընտրված չեն, բայց «վաղ թե ուշ այդ հանդիպումը տեղի կունենա»:
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել