
Եվրամիության անդամ երկրները սկսել են քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը
Եվրամիության անդամ երկրները սկսել են քննարկել Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թվով 13-րդ փաթեթը նախատեսվում է ընդունել պատերազմի մեկնարկի 2-րդ տարելիցին՝ փետրվարի 24-ին։
Ամերիկյան պարբերականը գրում է, որ Ռուսաստանի դեմ հերթական սահմանափակումները, ինչպես ակնկալվում է, բաղկաղած կլինեն ֆիզիկական ու իրավաբանական անձանց նոր ցուցակներից, առևտրային նոր սահմանափակումներից և պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի լրացուցիչ միջոցներից, ինչպես Եվրամիության, այնպես էլ երրորդ երկրների ընկերությունների միջոցով։
Պատժամիջոցները այս շաբաթ կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԵՄ դեսպանները։ Bloomberg-ը նշում է, որ մինչև փետրվարի 24-ը համաձայնության հասնելը հեշտ չի լինի, քանի որ նախորդ փաթեթի հաստատումը պահանջեց մի քանի շաբաթ բանակցություններ։
Պարբերականը հավելում է, որ ԵՄ-ն շարունակվում է քննարկել Ուկրաինային ռազմական աջակցության համար ներկայիս Եվրոպական խաղաղության հիմնադրամի (EPF) փոխարեն նոր հիմնադրամ ստեղծելու ծրագրերը, որպեսզի հեշտացվի մատակարարումների ֆինանսավորումը։
EPF-ի շրջանակներում անդամ պետությունները փոխհատուցում են ստանում Ուկրաինային ուղարկվող զենքի համար։ Bloomberg-ը հիշեցնում է, որ հիմնադրամը մի քանի անգամ ընդլայնվել է, սակայն միջոցների հատկացման ու ծախսման մասին որոշումները պահանջում են ԵՄ երկրների կողմից միաձայն աջակցություն, ինչը թույլ է տվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին վետո կիրառել Ուկրաինային տրամադրվող օգնության վրա։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել