
Ռուսաստանը 2024 թվականի ամռանը Ուկրաինայում լայնամասշտաբ հարձակում է նախապատրաստում. Financial Times
Ռուսական զորքերը, հավանաբար, 2024 թվականի ամռանը ծրագրում են լայնածավալ հարձակում իրականացնել Ուկրաինայում: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի անանուն պաշտոնյաներին։
Ըստ նրանց վարկածի՝ Ռուսաստանը կփորձի գրավել Ուկրաինայի չորս մարզերի մնացած տարածքները, որոնց բռնազավթման մասին հայտարարել էր 2022 թվականի սեպտեմբերին։ Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մասին է։ FT-ի զրուցակիցները չեն բացառել, որ ռուսական զորքերը կփորձեն գրավել նաև Խարկովը կամ նույնիսկ՝ Կիևը:
Պարբերականը նշում է, որ ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջնական նպատակն այդ երկրի նվաճումն ու «ժողովրդի ստրկացումն է»։ Իսկ Պուտինի այդ նպատակը, ըստ Financial Times-ի, մնում է անփոփոխ։ Այդ մասին նշվում էր նաև ԱՄՆ հետախուզության գաղտնազերծված զեկույցում, որը FT-ն ուսումնասիրել էր 2023 թվականի դեկտեմբերին։
Փաստաթղթում ասվում է, որ հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում մի քանի ուղղություններով շարունակում է հարձակումը։ Խոսքը Ավդեևկայի, ինչպես նաև Լիմանի և Կուպյանսկի ուղղությունների մասին է։
Իր նյութում Financial Times թերթը մեջբերել է արևմտյան անանուն պաշտոնյաներից մեկի գնահատականը, որն զբաղվում է Ուկրաինայի հարցերով: Նա կարծում է, որ «2024 թվականին կողմերից որևէ մեկի օպերատիվ ճեղքման հեռանկարները մեծ չեն»։
Արևմտյան պաշտոնյայի խոսքով՝ ակտիվ պաշտպանության ռազմավարությունը, պաշտպանական գծերի պահպանումը և Ռուսաստանի պաշտպանության թույլ կետերի որոնումը, ինչպես նաև հեռահար զենքով հարվածները թույլ կտան Ուկրաինային այս տարի ավելացնել իր ուժերը և պատրաստվել 2025 թվականին, երբ Ուկրաինայի ԶՈւ հակահարձակումն առավել մեծ շանսեր կունենա:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել