
Բալթյան երկրները պայմանավորվել են Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանական գիծ կառուցել
Էստոնիան, Լատվիան և Լիտվան արևելյան սահմանի երկայնքով «պաշտպանական գիծ» կստեղծեն։ Այդ մասին, Էստոնիայի ՊՆ փոխանցմամբ, Բալթյան երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ։
Համաձայնագիրը ենթադրում է, որ առաջիկա տարիներին Էստոնիան, Լատվիան և Լիտվան իրենց սահմաններին կկառուցեն պաշտպանական տարբեր կառույցներ, որոնց նպատակը կլինի «զսպումը և, անհրաժեշտության դեպքում, ռազմական սպառնալիքից պաշտպանությունը»:
«Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ բացի տեխնիկայից, զինամթերքից և կենդանի ուժից, Էստոնիային պաշտպանության համար սահմանին անհրաժեշտ են նաև պաշտպանական կառույցներ»,- հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Խանո Պևկուրը։
Նա հավելել է, որ պաշտպանական կառույցների նպատակը կլինի տարածաշրջանում ռազմական հակամարտության կանխումը:
Ինչպես գրում է Postimees պարբերականը, արևելյան սահմանին Էստոնիան կկառուցի պաշտպանական գիծ, որը բաղկացած կլինի մոտ 600 բետոնային բունկերներից։ Բունկերների մեծ մասը կկառուցվի Իդա-Վիրումաայում (հյուսիսում և արևելքում սահմանակից է Ռուսաստանին), ինչպես նաև Էստոնիայի հարավ-արևելքին։ Որոշ բունկերներ էլ կլինեն Չուդ լճի մոտ։
Ենթադրվում է, որ բունկերները էստոնացի զինվորականներին կպաշտպանեն հակառակորդի կրակից և արկերի բեկորներից։ Յուրաքանչյուր բունկեր նախատեսված կլինի 10 հոգու համար։
«Ռուսաստանը կա և կլինի Էստոնիայի անվտանգության ամենամեծ սպառնալիքը։ Ուկրաինայում պատերազմը նվազեցրել է Ռուսաստանի հարձակողական հզորությունը, սակայն, տարբեր գնահատականներով, նա պատրաստ է վերականգնել այն երկու-երեք տարվա ընթացքում: Մենք պետք է պատրաստ լինենք և Էստոնիայի վրա հարձակման գինը Ռուսաստանի համար հնարավորինս բարձր դարձնենք»,- հայտարարել է Էստոնիայի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Կայդո Տիյտուսը։
Հունվարի 15-ին գերմանական Bild տաբլոիդը հայտնել էր, որ իր տրամադրության տակ է հայտնվել Գերմանիայի ՊՆ գաղտնի փաստաթուղթն այն մասին, որ Գերմանիան դիտարկում է հնարավոր սցենար, որի պարագայում Ռուսաստանը 2025 թվականին կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի վրա։
Ընդ որում, ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղորդակցությունների առաջնային փորձի կենտրոնի տնօրեն Յանիս Սարտսը պնդել էր, որ դա զորավարժությունների պլան է, այլ ոչ հետախուզության գաղտնի վերլուծություն։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Մեկնաբանել