HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի հայաթափումն ու դրան նպաստած ներքաղաքական գործոնները

Արամ Թադևոսյան, քաղաքագետ

Արցախի Հանրապետության անկումը անհամաչափ, անհաղթահարելի ուժի գործադրման արդյունք էր։ Որպես պետություն այն բավարար կայացած էր, սակայն քաղաքական հաստատությունները որևէ կերպ հարմարեցված չէին այն ծավալի անոմալիաներին դիմակայելու համար, որոնք տեղի ունեցան վերջին երեք տարվա ընթացքում։ Արցախի Հանրապետության քաղաքական համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նրա կայունության աղբյուրը գտնվում էր դրսում։ Ռեսուրսները, որոնք ապահովում էին համակարգի կենսունակությունը, մեծամասամբ երկրի ներսում չէին ձևավորվում։ Ղեկավարության մեջ առաջնային դերերի բաշխումը որոշվում էր Երևանում։ Տեղի ունեցող ընտրությունները այդ որոշման լեգիտիմացման գործառույթ էին կատարում և ուժերի հարաբերակցության վրա չնչին ազդեցություն ունեին: Քվեները ընտրություններում ոչ թե հանրային աջակցության, այլ քաղաքական առևտրի արդյունք էին, ավելի շատ կախված էին որոշակի անձանցից, որոնց շահերը նույնպես միջնորդավորված էին։ Վերջին համապետական նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ վերահաստատել են գոյություն ունեցող մեծ ու փոքր շահերի դասավորվածությունը արցախյան փոքրաթիվ հանրության մեջ, որի անդամների մեծամասնության համար պետությունը գործատու էր։ Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ դրանք հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած առավել մրցակցային ու թափանցիկ ընտրություններն էին։ Գործող ստատուս-քվոյի շրջանակներում քաղաքական համակարգում զգալի ազատականացում էր տեղի ունենում։ 2020 թվականի պատերազմը խարխլեց այդ ստատուս-քվոն։ Պարտությունից հետո ՀՀ վարչապետն այլևս չէր կարող հանդիսանալ Արցախի նախագահի լեգիտիմության հիմնական աղբյուրը, գործառույթ, որ հաջողությամբ իրականացրել էր ընտրությունների ժամանակ։ Բացի այդ, ՀՀ իշխանությունն արցախյան քաղաքականությունից աստիճանաբար անջրպետվելու կուրս էր բռնել։ Երևանի «վերահսկողությունը» օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորցնում էր իր ազդեցությունը, և Արցախի էլիտան ինքնուրույնություն էր ստանում։ Սակայն, «ինքն իրեն» թողնված Արցախի քաղաքական համակարգը կարճ ժամանակամիջոցում հայտնվեց ավելի խորը ճգնաժամի մեջ։

Նախքան 2020 թվականը անվտանգության հարցը երկրորդական էր։ Անվտանգության շատ ասպեկտների մասին խոսելը «տաբու» էր ու չէր կարելի հանրային քննարկման առարկա դարձնել։ Ցանկացած քաղաքական կամ հանրային գործիչ, ով կհամարձակվեր խոսել սպասվող պատերազմում հնարավոր պարտության մասին, անմիջապես կդառնար պարսավանքի և պիտակավորման թիրախ։ Զգալի բացասական դեր ուներ 1992-1994 թվականների պատերազմի ազդեցությունը մարդկանց գիտակցության վրա, հատկապես այդ պատերզամի միֆականացումը։ Ադրբեջանի ռազմական հաղթանակը գործնականում անհնար էր համարվում։  Քանի որ պատկերացումները ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ եզակի կետ էին, որտեղ Արցախի իշանությունն ու հասարակության մեծամասնությունը գաղափարական համաձայնության եզր էին գտնում, երկկողմանի տեղի էր ունենում միմյանց հաճոյանալու և ավելի մաքսիմալիստական դիրքորոշումներ բռնելու պրոցես։ Արցախի իշխանությունը դարձել էր իր իսկ նարատիվների զոհը և անգամ 2020 թվականի պատերազմից հետո համառորեն հրաժարվում էր գիտակցել նոր իրադրությունը։ 2021 թվականին Արցախի խորհրդարանում շրջանառվում էր «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի վերահսկողության տակ գտնված տարածքները, ինչպես նաև նախկին Շահումյանի շրջանը հայտարարել ԼՂՀ ինքնիշխան տարածք։ Անպտուղ հայրենասիրության և կենացային միլիտարիզմի վրա հիմնված «հասարակական պայմանագիրը» իշխանության և ժողովրդի միջև սպառված էր, բայց ոչ ոք ռիսկ չէր անում բարձրաձայնել դրա մասին։

Ճգնաժամից դուրս գալու համար պետք էր ինչ-որ բան ձեռնարկել։ Եթե Հայաստանում իշխող ուժն իր լեգիտիմությունը վերահաստատելու համար արտահերթ ընտրություններ նշանակեց, ապա Արցախում գնացին այլ ճանապարհով։ Նախագահը հրաժարական չտվեց, և նոր ընտրություններ տեղի չունեցան։ Ամեն ինչից զատ, համապետական ընտրություններ անցկացնելու բուն հնարավորությունը խիստ կասկածելի էր (հավանաբար, այդ հարցը քննարկվել է նաև ռուսների հետ, որոնցից բացասական պատասխան է ստացվել)։ Արայիկ Հարությունյանն իր սասանված իշխանությունը տվյալ էտապում կարողացավ պահել երեք գործոնների շնորհիվ՝ ներքին պայմանավորվածությունների, ռուսական երաշխիքների և ՀՀ կառավարության ֆինանսական աջակցության միջոցով։ Ընդդիմադիր մի շարք գործիչներ պետական պաշտոններ ստացան։ Պաշտոններ ստացան նաև նախկինում ակտիվ քաղաքականությամբ չզբաղված որոշ «նոր» դեմքեր։ Մինչև նախագահության վերջին ամիսները Արայիկ Հարությունյանը շարունակ շահագործում էր նոր նշանակումների, փոխատեղումների, վերահսկողական անհասցե գործառույթների բաժանման պրակտիկան։ Երեք տարվա ընթացքում նա այդպես էլ չկարողացավ կառավարության կայուն կազմ ձևավորել, սակայն սկզբնական շրջանում այդ գործիքակազմը դրական էֆեկտ ապահովեց։ Ռուսական խաղապահ զորակազմի ներկայությունը վերականգնեց անվտանգության զգացողությունը։ Հատկանշական է, որ խաղաղապահների հրամանատարությունը ակտիվորոն խրախուսում էր պատերազմի ժամանակ Արցախը լքած ընտանիքների վերադարձը, որոնց թվի մասին պարտադիր հիշատակում էր պարբերաբար հրապարակվող զեկույցներում։ Մի շարք քաղաքական գործիչներ խաղաղապահների հրամանատարության և ռուսական այլ ուժայինների հետ ձգտում էին ստեղծել հարաբերություններ, որոնք միտված էին փոխարինելու նախկինում Երևանի հետ ունեցած սխեման։ Նրանց միջև մրցակցություն էր ընթանում պայմանական «ռուսներին» ավելի մոտ գտնվելու համար։ Թե որքանով էին ռուսները համապատասխանում այդ դերին, այլ հարց է։ Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցության ծավալների մեծացումը հնարավորություն տվեց պատերազմից տուժած անձանց փոխհատուցումներ տրամադրել, սոցիալական նոր ծրագրեր գործարկել, աշխատավարձերը բարձրացնել։ Բացի այդ, ՀՀ կառավարությունն անմիջականորեն իրականացրել է արցախցիներին ուղղված դրամական աջակցության մի շարք միջոցառումներ։ Այս բոլոր գործոնների ամբողջությունը զգալիորեն նվազեցրել է լարվածությունը, և իշխանությունը ժամանակ է ստացել նոր իրավիճակում դասավորվելու և հետագա քայլերը պլանավորելու համար։ Կայունության ժամանակահատվածը տևել է տարուց ավելի։ Դա կարելի է նկարագրել որպես ժամանակահատված, երբ բարեհաջող ապագայի ոչ մի վստահելի երաշխիք չկար, բայց ներկա վիճակը կրիտիկական չէր։ Ակնհայտ է, որ այդ քայլերից ոչ մեկը Արցախի քաղաքական կարգի մեջ խորքային փոփոխություն չէր ենթադրում։ Լեգիտիմության դեֆիցիտը արտաքին աղբյուրների հաշվին լրացնելու քաղաքականությունը սկսեց ցույց տալ իր խոցելիությունը արտաքին իրադրության փոփոխության հետ միաժամանակ։

2022 թվականի մարտին Ադրբեջանը խափանեց Լաչինի միջանցքով անցնող ենթակառուցվածքներից մեկը և մարտավարական նշանակության գործողություններ իրականացրեց շփման գծում։ Նույն տարվա ամռանը Ադրբեջանի ճնշման տակ, որը նույպես ուղեկցվեց լոկալ ռազմական օպերացիաներով, արագացված կերպով դատարկվեցին միջանցքում գտնվող հայկական բնակավայրերը, և բուն ճանապարհը տեղափոխվեց նոր երթուղի, իսկ դեկտեմբերին ադրբեջանցիները Շուշիի մոտակայքում փակեցին այդ ճանապարհը, կարճ ժամանակ անց վերջնականապես խափանեցին էլեկտրագիծը և գազամատակարարումը։ Բոլոր դեպքերում ռուսական խաղաղապահների արձագանքը կրավորական էր։ Ռուսները փորձում էին խնդիրներին այլընտրանքնային լուծումներ գտնել, քան վերացնել դրանց պատճառները։ Օրինակ, շրջափակման առաջին ամիսներին նրանք պարեն էին մատակարարում կամ ուղեկցում էին շրջանցիկ գրունտային ճանապարհով անցնող հայկական բեռնատարները։ Երբ Ադրբեջանը կասեցրեց բեռների ցամաքային բոլոր մատակարարումները, ռուսները սկսեցին որոշ բաներ տեղափոխել օդային տրանսպորտով, երբ դա նույնպես անհնար դարձավ, նրանք արդեն առաջարկում էին ադրբեջանական պարեն ստանալ։ Այդ ամենը նրանց համար նաև եկամուտ էր նշանակում։

Պարզ էր դառնում, որ Արցախի համար ելք գտնել որևէ ընդունելի պայմանավորվածության շրջանակում անհնար էր դառնում։ Այստեղ արդեն պարտադրված կերպով պետք է փոփոխվեն «ընդունելիի» սահմանները թե երկրի ներսում, թե դրսի ակտորների հետ հարաբերություններում։ Արցախի Հանրապետության գոյության վերջին տարվա ողբերգություններից մեկն այն եղավ, որ իշխանությունը պատասխանատվություն չկարողացավ ստանձնել այդ հարցը հանրությանն ըստ էության ներկայացնելու, քննարկելու և որոշում կայացնելու համար։ Եթե տարվա սկզբին ադրբեջանական որևէ ներկայություն Լաչինի միջանցքում անընդունելի էր, ապա ամռանը Հակարիի կամրջի անցակետն արդեն հանդուրժելի էր։ Այդպիսի օրինակներ շատ կան։ Արցախի իշխանությունը մշտապես գնացել է այդ զիջումներին անելանելիությունից դրդված ու ամեն անգամ խույս է տվել պատասխանատվությունից։ Քաղաքական կամքի քրոնիկ բացակայությունը բացատրվում է ոչ միայն բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց անձնական հատկանիշներով, որը պայմանավորված էր նախաձեռնողականությունից զուրկ, կուլիսային պայմանավորվածություններում հմտացած, ընթացակարգերում խճճված բյուրոկրատի երկարամյա փորձառությամբ, պարբերական ռոտացիաներով անցած անհատներից ձևավորված քաղաքական դասի գոյությամբ, այլև հանրության հետ փոխադարձ ազդակների մեխանիզմի թույլ զարգացածությամբ։ Արցախում չեն եղել նշանակալի ԶԼՄ-ներ, քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտներ, որոնք ընդունակ կլինեին նոր օրակարգ առաջ քաշել։ Առկա ընդդիմությունը, որը բաժանված է եղել մի քանի ճամբարների, հանրային թույլ աջակցությունից բացի, ուներ նաև այլ թերություններ, որոնցից հիմնականը ակտուալությունը կորցրած քաղաքական կատեգորիաներին հետևելն էր։ 

Նախկինում ձևավորված կարծրատիպային հասկացությունները, որը հանրության հետ հրապարակային շփման միակ լեզուն էր, իրենց իներցիան պահում էին անգամ այդ դժվար ժամանակում։ Քաղաքական ուժերը չէին համարձակվում դուրս գալ այդ իմպերատիվից։ 2022 թվականի դեկտեմբերին, երբ Լաչինի միջանցքն արդեն փակ էր, Ստեփանակերտում կազմակերպվեց խոշոր հանրահավաք, որի գլխավոր գործող անձը պետական նախարար Ռուբեն Վարդանյանն էր։ Հանրահավաքը 1980-ական թվականների արցախյան շարժման զանգվածային ցույցերի գրոտեսկային նմանակում էր։ Տրիբունային հայրենասիրությունը Արցախում տարիներով ծառայել է որպես քաղաքական խոսույթի փոխարինող։ Իրական քաղաքական պրոցեսը հազվադեպ է հրապարակային եղել։ Շատերը ընտելացել էին դրան այն աստիճան, որ պատրաստ չէին այլ բան լսել։ Դրանով է նաև բացատրվում Ռուբեն Վարդանյանի զգալի հանրային աջակցությունը, ինչը արցախյան փակ հասարակության համար, որ ցանկացած «դրսից եկածի» դժվարությամբ է վստահում, եզակի դեպք է։ Նրա բարոյախոսությունը, նախաձեռնությունները ուղղակիորեն կրկնում էին Բակո Սահակյանի ժամանակների հասարակական կազմակերպությունների ակտիվիզմը, որոնք քաղաքացիական հասարակության իմիտացիա էին ստեղծում։ Երբեմն նույն տրամաբանությամբ էր գործում նաեւ նախագահ Արայիկ Հարությունյանը, որ կարող էր հայտարարել «համազգային շարժում», Ստեփանակերտի գլխավոր հրապարակում վրաններ տեղադրել և անձամբ տեղափոխվել դրանցից մեկը։ Խորհրդարանի երկրորդ կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն իրատեսական էր այնքանով, որքանով որ գիտակցում էր ստորագրահավաքների, վրանային նստացույցերի անարդյունավետությունը, բայց ոչ ավելին։ Նրա գործողությունների պլանը 2023 թվականի ընթացքում զգալի էվոլյուցիայի է ենթարկվել ու ըստ երևույթին հանգել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքով հայկական սուբյեկտի ստեղծմանը Ադրբեջանի սուվերենության շրջանակներում։ Սամվել Բաբայանը արցախյան եզակի գործիչներից է, ում համար հանրային աջակցությունը գործառնական նշանակություն է ունեցել։ 2023 թվականի ընթացքում նա երկու անգամ փորձել է հանրային ճնշման գործադրմամբ համապատասխանաբար պետական նախարար և նախագահ դառնալ, սակայն երկու դեպքում էլ հաջողության չի հասել, քանի որ չէր հաջողվել անհրաժեշտ քանակությամբ մարդ հանել հրապարակ։ Եթե անիրական գաղափարների սպեկտրը ծայրեծայր զբաղեցված էր, ապա, ինչպես պարզվեց, Արցախի կառավարությունը բնակչության տարհանման հավանականության մասին ոչ միայն չէր խոսում, այլև գործողություններ պլան  չէր պատրաստել՝ անհրաժեշտության դեպքում գործարկելու համար։

Պատերազմից տասն օր առաջ տեղի ունեցած իշխանափոխությունը հստակ ցուցիչ է, որ մարդիկ, որոնք պատրաստվում էին հետագայում ղեկավարել Հանրապետությունը, ինչ պատկերացումներ ունեին քաղաքականության մասին՝ նախագահի պաշտոնում նշանակելով անձի, ով ընդամենը կամակատար էր։ Դա արտացոլում է կլիենտալիստական հարաբերությունները, որ ձևավորվել էին տարիների ընթացքում։ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, 2020 թվականի պատերազմից հետո տարբեր ժամանակահատվածներում, պահանջել են երկրի բոլոր ընդդիմադիր բևեռները՝ յուրաքանչյուրն իր օրակարգով։ Փաստ է, որ նրանցից ոչ մեկին չի հաջողվել բավարար հանրային ճնշում կազմակերպել այդ հրաժարականին հասնելու համար։ Վերջին դեպքերը, որոնք հանգեցրել են նախագահի հրաժարականին, հանրության առավել քիչ ներգրավվածությամբ տեղի ունեցած գործընթաց են եղել, և շատերի համար Հարությունյանի հրաժարականն անսպասելի էր։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ Արցախում տեղի ունեցած իշխանափոխության ընթացակարգը (խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրությունը, որին նախորդել էր դրան ֆորմալ կերպով օրինականություն ապահովող, նույն խորհրդարանով անցած Սահմանադրության փոփոխությունը) ընդունելի է եղել գլխավոր դերակատարների համար, անհամաձայնությունը նախագահի անձի շուրջ էր։ Այսինքն, այդ ուժերը պատրաստակամ էին 22 պատգամավորի քվեներով իշխանություն ստանձնել՝ չունենալով հետին միտք դրա հետևանքների մասին իրենց և պետության համար։ Իշխանության եկած-վերադարձած ուժը չի կարողացել հիմնավորել տեղի ունեցած հեղաշրջման անհրաժեշտությունը։ Իրենց տեսանկյունից «փաշինյանական» Արայիկ Հարությունյանին Հայաստանի իշխանությանը կոշտ քննադատող ուժով փոխարինելը կարող էր փրկողակ լինել ծայրահեղ դրության մեջ հայտնված Արցախի համար։ Ռուսաստանին ուղղված այդ քայլից բացի, որևէ այլ ծրագիր նոր իշանությունը չուներ։ Այն ունակ չի եղել կանխելու պետության կոլապսը մեկօրյա պատերազմից հետո, կազմակերպել բնակչության տարհանումը, ազատ ելքի երաշխիք ստանալ՝ բոլորի համար անխտիր։ Նախքան պատերազմը տեղի ունեցած գործընթացների պատճառով Արցախի ժողովուրդը ներկայումս փաստացի զրկված է ներկայացվածությունից։ Չկա որևէ կառույց, որ բավարար հեղինակություն ունենա Արցախի ժողովրդի անունից հանդես գալու, օրակարգեր մշակելու և ուղղորդելու համար։ 

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ Արցախի իշխանությունը պետության գոյության վերջին երեք տարում գտնվում էր իր իսկ ստեղծած հաստատությունների ծուղակում։ Քաղաքական համակարգը ջրի երեսին պահող կորսված կապերը նույնանման հիմքերի վրա խարսխելու փորձերը բավարար չեն եղել։ Նախքան շրջափակումը տևած հարաբերական հանգիստ ժամանակահատվածը իշխանությունը դիտարկել է որպես ապացույց, որ վիճակը կայունացնելու ձեռնարկումները արդյունավետ են և սկսել է մարել «44-օրյա» պատերազմի վերաբերյալ հանրային վարանամտությունը։ Ընտրված նախագահն անզոր գտնվեց որոշակի խմբի ճնշման դեմ և այն էտապում, երբ առավել քան անհրաժեշտ էր կոնսոլիդացված իշխանություն ունենալ, հրաժարական տվեց։ Եթե մարդկանց կյանքերի փրկությունն այնքան գործառնական նշանակություն ունենար, որքան պնդում է ներկայիս նախագահը, եթե բոլորի անվտանգ տարհանումը լիներ հիմնական նպատակը, ապա ելքն այնքան ողբերգական չէր լինի։ Իսկ իրականությունն այն է, որ մարդկանց անվտանգությունը ստորադասվել է այլ նպատակների, և դրա գլխավոր պատճառն այն էր, որ քաղաքացիները չնչին ազդեցություն ունեին որոշումների կայացման վրա։ Արցախի հասարակությունն այնքան թույլ է եղել, որ երեք տարվա ընթացքում երկու անգամ հայտվել է միևնույն իրավիճակում, երբ «մարդկային կյանքերի փրկությունը միակ խելամիտ որոշումն էր» պարզ ճշմարտությունն ասվում է հետահայաց անդառնալիությամբ։ 

Հովածը գրվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Հասկանալով ժողովրդավարության ու անվտանգության կապը հայաստանյան համատեքստում» ծրագրի շրջանակում։

Լուսանկարը՝ հեղինակի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter