
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մտքեր են փոխանակվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ առաջին հերթին Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ կողմերը կարևորել են տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ երկկողմ փոխգործակցության արդյունավետությունը։
Նույն օրը Թուրքիայի դեսպանի հետ հանդիպել է նաև Ռուսաստանի մյուս փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Դիվանագետները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային օրակարգի շուրջ: «Հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ աշխարհում անվտանգության ու կայունության ամրապնդման»,- եզրափակել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков
Մեկնաբանել