
Իսրայելցի պատանդների հարազատները ներխուժել են Իսրայելի խորհրդարան
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող Իսրայելի քաղաքացիների հարազատները ներխուժել են այդ երկրի խորհրդարան, որտեղ այդ պահին ընթանում էր ֆինանսական հանձնաժողովի նիստը։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ Նրանք պահանջել են ազատ արձակել իրենց հարազատներին։
«Դուք այստեղ չպետք է նստեք, երբ մահանում են մեր երեխաները»,- բղավել են ցուցարարները։ Նրանք պատգամավորներին կոչ են արել, որ պատանդների համար փրկագին վճարեն։ Բացի այդ, խորհրդարան ներխուժած անձինք պահանջել են կառավարության հրաժարականը։
משפחות החטופים פרצו לדיון ועדת הכספים ופוצצו אותו. משמר הכנסת מתחננים שייצאו ולא מעזים לפנות בכוח pic.twitter.com/RY3nZUL4zP
— שחר גליק Shahar Glick (@glick_sh) January 22, 2024
Իսրայելի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Մոշե Գաֆնին պատանդների հարազատներին ասել է, որ հասկանում է ցուցարարների ցավը, իսկ իշխող կոալիցիայից իր կուսակցության դուրս գալը, ինչին ձգտում են որոշ ընտրողներ, «չի օգնի»։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանել էին ավելի քան 1200 մարդու և պատանդ վերցրել մոտ 240-ին։ Իսրայելի պաշտպանության բանակը ՀԱՄԱՍ-ի գործողություններին ի պատասխան սկսել էր հարվածներ հասցնել Գազայի հատվածին, այնուհետև ցամաքային գործողություն սկսել: ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածում գործող առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության այս փուլի ընթացքում Գազայում զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։
Վերջին շաբաթներին Իսրայելում բողոքի ակցիաներ են անցկացվում ի պաշտպանություն Գազայի հատվածում պահվող պատանդների: Ցուցարարները հավաքվում են հրապարակներում, այդ թվում՝ խորհրդարանի մոտ։
Լուսանկարը՝ Al Jazeera-ի
Մեկնաբանել