ՀՀ ԱԻՆ-ը պատրաստ է աջակցել Ռուսաստանին. Կուբանի ջրհեղեղից զոհվածների մեջ կա 2 հայ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ցավակցական հեռագիր հղելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանին հանձնարարել էր ճշտել որոնողափրկարարական աշխատանքներում Ռուսաստանի ԱԻՆ կարիքներն ու համապատասխան աջակցություն կազմակերպել, նաև գործուն աջակցել աղետի գոտում հայտնված ՀՀ քաղաքացիներին ու մեր հայրենակիցներին:
Ողջ գիշերվա ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը կապի մեջ է եղել Ռուսաստանի ԱԻՆ կենտրոնական ու Կրասնոդարի ՃԿԿ-ների հետ. տվյալներն ու ցուցակներն անընդհատ ճշտվում են: Մաքսատնից ու տուրիստական գործակալություններից ճշտվել են դեպի Կրասնոդարի մարզ մեկնած ավտոբուսները:
Այսօր Արմեն Երիցյանը հեռախոսով կապվել է Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ` նրանց կարիքներն անձամբ ճշտելու համար: Հայաստանի օգնության կարիքը դեռ չկա:
Մինչ ժամը 11.00-ն զոհերի ցանկում հայկական ազգանուններ չկային: ժամը 11.20-ին Կրասնոդարի ՃԿԿ-ից տեղեկացրին, որ զոհվածների մեջ երկու հայ կա Նովոռոսիյսկից` Շահբազյան Լիդիա և Շահբազյան Հովհաննես: Մանրամասները ճշտվում են: ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ստեղծվել է թեժ գիծ`010 36 02 97, 060 44 03 41:
Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ` ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ մայոր Սերգեյ Ազարյանի գլխավորությամբ:
Լուս.՝ chita.ru-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել