Երկաթե փաստեր. ինչո՞ւ և ինչպե՞ս է Հայաստանի սնունդն ազդում անեմիայի զարգացման վրա
Երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիայի դեպքերը Հայաստանում տարեցտարի աճում են, ամեն 6-րդ հղի ունի անեմիա, սակայն Առողջապահության նախարարությունը մինչ օրս չունի անեմիայի առաջացման պատճառների հստակ վերլուծություն և երկաթի համար սահմանված ուղենիշային արժեքներ։
2023թ.-ին հրապարակված առաջին հետազոտության համաձայն՝ Հայաստանի բնակչության 80%-ից ավելին անբավարար երկաթ է ստանում սննդի միջոցով, և միայն 5%-ն է օգտագործում կենդանական ծագման մթերք, որը և պարունակում է լավ ներծծվող երկաթ։
Բացի այդ, Հայաստանի գրեթե բոլոր մարզերի և Երևանի բնակիչները թերսնված են, իսկ օրվա հիմնական սնունդը կարտոֆիլն ու հացամթերքն են, որոնց մեջ երկաթը շատ չնչին տոկոս է կազմում և վատ է յուրացվում։
Ինչպե՞ս է սնունդն ազդում երկաթի դեֆիցիտի և անեմիայի զարգացման վրա, ովքե՞ր են ռիսկի գոտում, ինչպե՞ս ճիշտ համադրել սնունդը, ի՞նչ ուտել և ի՞նչ չուտել երկաթի օրական պաշարը բավարարելու համար։
Ինչպե՞ս հասկանալ, որ ունես անեմիա, և ի՞նչ հետևանքներ կարող են լինել, եթե չբուժվի այն։
Անեմիա. ի՞նչ է և որքա՞ն տարածված է աշխարհում
Անեմիան կամ սակավարյունությունը լինում է այն ժամանակ, երբ արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) պակասում են, և օրգանիզմում թթվածին փոխադրելու կարողությունը նվազում է։
Թթվածնի հիմնական «փոխադրողը» հեմոգլոբինն է՝ սպիտակուց, որը գտնվում է կարմիր բջիջներում, և եթե դրա թիվը ցածր է, ապա թթվածնի փոխադրումն օրգանիզմի հյուսվածքներին և բջիջներին դանդաղում է, և օրգանիզմը չի ստանում բավարար չափով թթվածին։
Իսկ թթվածինը մասնակցում է բջիջներում էներգիայի ստեղծման գործընթացին՝ ապահովելով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ ռեսուրսը։
Հետևաբար, անեմիան կարող է հանգեցնել ամենատարբեր հետևանքների՝ հոգնածության, թուլության, հևոցների, գլխապտույտների, կենտրոնացման, մտավոր գործունեության դժվարությունների, ցրվածության, հիշողության վատթարացման, անքնության, մազերի և եղունգների որակի վատացման, սրտային հիվանդությունների, նաև կարող է ազդել պտղի զարգացման վրա և վաղաժամ ծնունդների պատճառ դառնալ։
Աշխարհի բնակչության 25%-ն ունի անեմիա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ անեմիա ունի աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների 40%-ը, հղիների՝ 37%-ը, 15-49 տարեկան կանանց՝ 30%-ը։
Թեև անեմիայի տարբեր տեսակներ կան, բայց ամենահաճախ հանդիպողը (66,2%) երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիան է. երկաթն անհրաժեշտ է հեմոգլոբինի սինթեզի (ստեղծման, հեղ.) համար։
Երկաթի առաջարկվող օրական սպառման չափաքանակը տղամարկանց և 50-ից բարձր կանանց համար 8 մգ է, վերարտադրողական տարիքի կանանց համար՝ 18 մգ, երեխաների համար՝ 7-10 մգ՝ կախված տարիքային խմբից։
Մարդը երկաթ ստանում է հիմնականում սննդի միջոցով. ճիշտ սննդակարգը կարևոր գործոն է՝ կանխելու երկաթի դեֆիցիտը, հետևաբար նաև՝ անեմիայի զարգացումը։
Հայաստանում անեմիայի դեպքերը տարեցտարի աճում են
Հայաստանում անեմիայի վերաբերյալ ոչ բոլոր տվյալներն են հավաքագրվում. հաշվառված են միայն հղի կանայք և երեխաները։
«Առողջապահության ազգային ինստիտուտի» (ԱԱԻ) հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ անեմիայի թիվը տարեցտարի աճում է։
30 տարվա ընթացքում Հայաստանում անեմիայի դեպքերը հղիների մոտ 25%-ով ավելացել են։ 1995-2022թթ. ընթացքում ամենաքիչ դեպքերը գրանցվել են 2005թ.-ին՝ 4042 դեպք։
2020-2022թթ. տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 6-րդ հղի ունի անեմիա, կամ հղիների 15-17%-ը։ Միևնույն ժամանակ, 2020թ.-ի համեմատ, 2022թ.-ին հղի կանանց շրջանում անեմիան 10%-ով ավելացել է: Այն հիմնականում գրանցվել է որպես ծննդաբերական և հետծննդյան շրջանի բարդություն. վերջին 30 տարում դրանք աճել են 96%-ով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել են։
2020-2022թթ. անեմիան՝ որպես ծննդաբերական և հետծննդյան շրջանի բարդություն, ավելացել է 22%-ով։
Մինչև 2 տարեկան երեխաների մոտ գրանցված հիվանդությունների մոտ 5%-ն անեմիան է. երեխաների մոտ 2022թ.-ին գրանցվել է անեմիայի 3454 դեպք։
Տոկոսային հարաբերակցությամբ՝ մինչև 2 տարեկան երեխաների մոտ անեմիայի դեպքերն ամենաշատը Լոռու մարզում են՝ 7%, ամենաքիչը՝ Երևանում և Վայոց Ձորում։ Մնացած մարզերում անեմիայի տարածվածությունը երեխաների մոտ 4-5% է։
Ցավոք, այս ցուցանիշներն ամբողջական չեն և արտացոլում են միայն հղի կանանց, 0-2 տարեկան երեխաների և մինչև 14 տարեկան դեռահասների շրջանում գրանցված անեմիայի դեպքերը։
Իրական պատկերը չունի նաև Առողջապահության նախարարությունը։
ԱՆ-ն չունի հստակ տվյալներ երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիայի մասին
Առողջապահության նախարարությունը Հայաստանի բնակչության բոլոր սեռատարիքային խմբերի մասով չունի հստակ տվյալներ։
«Հետք»-ը խնդրել էր նախարարությանը տրամադրել տեղեկություններ նաև բնակչության մնացած տարիքային խմբերի վերաբերյալ՝ նշելով, որ ԱԱԻ տվյալներն ամբողջական չեն։
Սկզբում ԱՆ-ից մեկ ամիս ժամանակ խնդրեցին, ապա հայտնեցին, որ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ում ներկայում հսկողության տակ են գտնվում մոտ 2000 տարբեր տեսակի սակավարյունություններով տառապող հիվանդներ/ երեխաներ և մեծահասակներ»։
ԱՆ-ից նշել են, որ երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիա ունեցող հիվանդները հսկվում են առաջնային բուժօգնության օղակներում (բացառությամբ մանկական հասակի ծանր երկաթ դեֆիցիտային դեպքերի), բայց թե որքան է նրանց թիվը, նախարարությունը չի հայտնում։
Անեմիայի դեպքերից քանի՞սն է պայմանավորված երկաթի դեֆիցիտով, նախարարությունը նույնպես չգիտի, քանի որ դեպքերն «առանձնացված չեն՝ ըստ ախտաբանության»։
Նախարարությունը չունի նաև տվյալների վերլուծություն, թե երկաթի դեֆիցիտի հիմնական պատճառը Հայաստանում որն է, և տալիս է բավականին ընդհանրական պատասխան՝ արյան կորուստ, ներծծման խանգարումներ, սխալ սննդակարգ. պատասխան, որը կարելի է գտնել համացանցում՝ «անեմիա/սակավարյունություն» բառերը որոնելու ժամանակ։
Հետաքրքրվել էինք՝ արդյոք Առողջապահության նախարարությունն ունի մշակված քաղաքականություն անեմիայի դեպքերը կանխելու կամ նվազեցնելու ուղղությամբ, մեզ պատասխանել էին, որ անեմիայի դեմ պայքարին ուղղված հատուկ քաղաքականություն չունեն։
«Միաժամանակ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Առողջապահության նախարարության կողմից մշակվել է և ՀՀ կառավարության 2021թ․ մայիսի 20-ի N827-Լ որոշումով հաստատվել է «Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որում ներառված են առողջ սնուցման խթանմանն ուղղված միջոցառումներ»։
Հատված՝ ԱՆ պատասխանից
«Ամեն երկրորդ երեխան, որ բացում է իմ սենյակը, ունի երկաթի անբավարարություն». արյունաբան
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, անեմիայի հիմնական պատճառը երկաթի պակասն է։
«Ամեն երկրորդ երեխան, որ բացում է իմ սենյակը, ունի երկաթի անբավարարություն,- ասում է «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մանկական արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Զախարյանը։ -Եթե չչափազանցնեմ, օրվա մեջ դիմում են 10-15 երեխա, և մեծ մասի նախնական ախտորոշումը սակավարյունությունն է»։
Արյունաբանի խոսքով՝ երբ վերլուծում է այդ այցերը, պարզվում է, որ, օրինակ, երեխայի մայրն ունեցել է երկաթի պակասորդով պայմանավորված անեմիա և հղիության վերջին եռամսյակում չի լրացրել երկաթի պաշարը։ Կամ երեխան է սխալ սնվել, կրծքով սնուցումը սահմանափակ է եղել, կամ 6 ամսականից հավելյալ սնունդ չի ստացել։
«Հավելյալ սննդի մեջ 9 ամսականից պետք է պարտադիր տեղ գտնի տավարի միսը, որը որ շատ դեպքերում չի ներառված։ Նաև անհաս երեխաների հարցն է շատ կարևոր, որոնք արդեն 15 օրական հասակից երկաթի պակասի դեպքում պետք է դեղեր ստանան։ Երկաթի պակասությունն արդեն ապացուցում է, որ նորածինն իր նորմալ ժամկետը մայրիկի օրգանիզմում չի լրացրել և, բնական է, մայրիկից չի վերցրել անհրաժեշտ քանակը»,- ասում է արյունաբանը՝ ընդգծելով, որ հղիները չպետք է վախենան հղիության ընթացքում երկաթ խմելուց։
Ա. Զախարյանը 0-5 տարեկան երեխաների դեպքում շատ է կարևորում սննդի դերը։ Նրա խոսքով՝ երեխաների մեջ հատուկ խումբ են կազմում նրանք, որոնց ամիսների ընթացքում կովի կաթ են տալիս, ինչն ամենամեծ սխալն է, քանի որ կալցիումը խոչընդոտում է երկաթի յուրացմանը։
Արյունաբանն ասում է, որ ծնողները մեծ մասամբ դիմում են այն ժամանակ, երբ երեխայի երկաթի պաշարները լինում են գրեթե զրոյական։
Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ունես անեմիա
Կան նախանշաններ, որոնք վկայում են, որ մարդն ունի երկաթի պակաս և անեմիա։ Արյունաբանն ասում է, որ ամենատարածված ախտանիշն ընդհանուր թուլությունն ու հոգնածությունն է. փոքր երեխաները, օրինակ, ուզում են, որ իրենց անընդհատ գրկեն։
Բացի այդ, երկաթի պակասն ազդում է համի ընկալման վրա. կան փաստեր, որոնք վկայում են, որ երկաթն ազդում է ախորժակի վրա, այն անկում է, համի զգացողությունը խեղաթյուրվում է, և մարդ կարող է ուզենալ ուտել, օրինակ, պատի ծեփը, հողը և սառցակտորները։
Երկաթի պակասից թուլանում է իմունային համակարգը, մարդիկ սկսում են հաճախ հիվանդանալ, վատանում է մազերի որակը, կարող է նկատվել մազաթափություն։
Անեմիայի ռիսկային խմբում են մինչև 5 տարեկան երեխաները, վերարտադրողական տարիքի կանայք, հղիները, կերակրող մայրերը, արյան շրջանառության և աղեստամոքսային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցողները, տարեցները։
Արյունաբանն ասում է, որ թեև տղամարդկանց մեծ մասը չունի երկաթի անբավարարություն, բայց նրանց մոտ անեմիան հիմնականում կարող է պայմանավորված լինել խոցային հիվանդություններով, քրոնիկական արնահոսություններով, ճաքերով և այլն։ Վահանաձև գեղձի թերֆունկցիան (հիպոթիրեոզ, հեղ.) նույնպես կարող է երկաթի դեֆիցիտի և անեմիայի զարգացման պատճառ դառնալ։
Ի՞նչ հետազոտություններ անցկացնել՝ անեմիա ախտորոշելու համար
Երկաթ դեֆիցիտային անեմիան ախտորոշելու համար անհրաժեշտ է կատարել մի քանի հիմնական հետազոտություն։ Արյունաբան Ա. Զախարյանը նշում է, որ առաջինն ու ամենակարևորն արյան ընդհանուր քննությունն է՝ լեյկոցիտներով, էրիթրոցիտներով, որտեղ երևում է հեմգլոբինի մակարդակի իջեցումը (թեև երկաթի պակասի դեպքում այն երբեմն կարող է նորմայի սահմաններում լինել)։
Ա. Զախարյանն ասում է, որ երկաթ դեֆիցիտային անեմիայի ժամանակ էրիթրոցիտները տուժած չեն լինում, կարող են նույնիսկ մի փոքր բարձր լինել, բայց դրանց միջին ծավալը լինում է շատ ցածր։
Հաջորդ պարտադիր հետազոտությունը երկաթային փոխանակության հետազոտությունն է, որտեղ շեշտը դրվում է երկաթի պաշարների մակարդակի՝ ֆերիտինի վրա։
Հազվադեպ, բայց հանդիպում են երկաթի տեղափոխման խանգարումներ, որի ժամանակ արդեն պետք է ստուգել տրանսֆերինը։
Ի՞նչ են ուտում Հայաստանում. սննդակարգի հետազոտության արդյունքները
Տարբեր երկրներ ունեն ուսումնասիրություններ, որոնք վկայում են, որ երկաթի դեֆիցիտի ընդհուպ մինչև 50%-ը, այսինքն՝ կեսը, կարող է պայմանավորված լինել սննդակարգով։
Մինչև վերջերս Հայաստանում չկար հետազոտություն, թե բնակչությունն ինչ քանակությամբ և ինչ սնունդ է սպառում։ Հետևաբար և պարզ չէր՝ ինչ դեր ունի սնունդը երկաթի դեֆիցիտի և անեմիայի զարգացման վրա։
2023թ.-ին հրապարակվեց առաջին և այս պահին դեռևս միակ հետազոտությունը կովկասյան տարածաշրջանում (հրապարակվել է «Nutrients» գիտական պարբերականում, հեղ. ), որն ուսումնասիրել է Հայաստանի բնակչության սննդակարգը՝ ըստ մարզերի և սեռատարիքային խմբերի։
Հետազոտությամբ, որին մասնակցել է 1400 մարդ Հայաստանի բոլոր մարզերից (18-80 տարեկան կանայք և տղամարդիկ), ուսումնասիրվել են հեմ և ոչ հեմ երկաթի ընդունման և դրանց սննդային աղբյուրները։
Թեև երկաթ կա ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման սննդամթերքում, սակայն սննդից երկաթի ընդունման գնահատականի ժամանակ առանձնացնում են հեմ և ոչ հեմ երկաթը, քանի որ ոչ հեմ երկաթն ունի ցածր կենսամատչելիություն և առնվազն 2,5 անգամ ավելի վատ է յուրացվում քան հեմը։
Հեմ երկաթի կենսամատչելիությունը բարձր է, և այն օրգանիզմը լավ է յուրացնում։ Հեմ երկաթ կա կենդանական ծագման սննդատեսակներում, ինչպիսիք են՝ մսամթերքը, ձուկը, թռչնամիսը և այլն։
Ոչ հեմ երկաթ պարունակում են բուսական ծագում ունեցող սննդատեսակները, ինչպիսիք են՝ ընդեղենը, ընկուզեղենը, սերմերը, մրգերը, բանջարեղենը և այլն։
Հետազոտությունն իրականացրել է ԳԱԱ «Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը»՝ Իտալիայի Առողջապահության ինստիտուտի հետ։ Հետազտությանը մասնակցել է նաև իտալացի սննդի թունաբան Ալբերտո Մանտովանին, ով մեծ փորձ ունի մարդու առողջության հետ կապված խնդիրներիի բացահայտման առումով։
Առաջին տարում հետազոտվել է մարդկանց սննդակարգը, երկրորդ տարում նմուշառել են ամենաշատ սպառվող ուտելիքներն ու իրականացվել է լաբորատոր փորձաքննություն, որից հետո նաև՝ աղբյուրների վերլուծություն։
Նմուշներն ընտրվել և փորձաքննության են ենթարկվել այնպես, ինչպես դրանք օգտագործում է մարդն իր առօրյայում (օրինակ՝ եփած բրինձ, հնդկացորեն և այլն)։
Երկաթի ուղենիշային արժեքները են վերցվել միջազգային սահմանված արժեքները, քանի որ Հայաստանը մինչ օրս չունի ուսումնասիրություն և իր բնակչության համար սահմանած ուղենիշային արժեքներ՝ ըստ երկրում եղած առողջապահական պատկերի։
AR (Average requirement / միջին պահանջ) օրական միջին պահանջն է, որը բավարարում է բնակչության կեսի հիմնական կարիքները:
Տղամարդկանց և հետմենոպաուզային տարիքի կանանց համար երկաթի օրական նվազագույն պահանջը 6 մգ է, վերարտադրողական տարիքի կանանց համար՝ 7 մգ։
RDA-ն (Recommended dietary allowance / առաջարկվող օրական թույլատրելի քանակ) առաջարկվող օրական չափաքանակն է, որն անհրաժեշտ է բավարար քանակությամբ երկաթ ստանալու և մարդկանց մեծամասնության կարիքները բավարարելու համար։ Օգտագործվում է սննդակարգի ուղեցույցների մշակման համար:
Տղամարդկանց և հետմենոպաուզային տարիքի կանանց համար երկաթի օրական բավարար քանակը 8 մգ է, վերարտադրողական տարիքի կանանց համար՝ 18 մգ։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն անբավարար քանակությամբ երկաթ է ընդունում և կարող է հայտնվել երկաթի պակասով պայմանավորված անեմիայի վտանգի տակ։
Մեծահասակների մեծ մասը՝ տղամարդկանց 65%-ը, կանանց՝ 80%-ը և վերարտադրողական տարիքի (18-29 տարեկան) կանանց 85%-ն սպառում է ավելի քիչ քանակությամբ երկաթ, քան միջինում (AR) սահմանում է ԵՄ Սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը (EFSA)։
Հեմ երկաթով հարուստ և կենդանական ծագման մթերքի կիրառումը սննդակարգում ցածր է. Հայաստանում սննդի միջոցով հեմ երկաթ ստանում են մինչև 5% մարդիկ։
Երկաթի ընդհանուր ընդունման 89%-ը բաժին է հասնում բուսական ծագման երկաթին, և ընդամենը 11%-ն է կազմում կենդանական ծագման երկաթը։
Հարցվածների համար երկաթի հիմնական աղբյուրը հացամթերքն է (գրեթե 33%), որին հաջորդում են մրգերը՝ 28%, բանջարեղենը՝ 15%, կարտոֆիլը՝ 7% և կաթնամթերքը՝ մոտ 5,5%. այսինքն՝ սննդատեսակներ, որոնք պարունակում են համեմատաբար քիչ և վատ յուրացվող երկաթ։
Հետազոտության մասնակիցների միայն 3-4%-ն է երկաթ ստացել մսից և մսամթերքից։
Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք թե’ հեմ, թե’ ոչ հեմ երկաթն ավելի քիչ են օգտագործում։
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում երկաթ համեմատաբար շատ են ստանում 36-55 տարեկան, իսկ ամենաքիչը՝ 80-ից բարձր տարեկան մարդիկ։
«Ընդհանուր երկաթի համեմատաբար ցածր ընդունման պարագայում բուսական ծագման մթերքներից երկաթի մեծ տեսակարար կշիռը և կենդանական ծագման երկաթի սահմանափակ ընդունումը կարող են մեծացնել երկաթ դեֆիցիտային անեմիայի վտանգը՝ երկաթի՝ բուսական սննդակարգից վատ յուրացման պատճառով»:
Հատված հետազոտությունից
Մսամթերք և հեմ երկաթ ամենաշատն օգտագործում են Գեղարքունիքում, ամենաքիչը՝ Արմավիրի մարզում։
Երկաթի օրական ամենաշատ միջին սպառումն Արարատում է՝ 19,57 մգ, ամենաքիչը՝ Երևանում՝ 14,70 մգ։
Այնուհանդերձ, Հայաստանի բնակչության միջինը 84%-ը չի ստանում օրական անհրաժեշտ և բավարար երկաթի քանակը (RDA). իրավիճակն ամենավատը Երևանում է՝ 94,6%, համեմատաբար լավը՝ Լոռիում՝ 73,2%։
Հայաստանի բնակչության միջինը 65%-ը սպառում է երկաթի օրական միջին պահանջվածից (AR) քիչ։ Դարձյալ, իրավիճակն ամենավատը Երևանում է. բնակչության 87%-ը սպառում է երկաթ օրական միջին պահանջվածից ցածր։ Պատկերը համեմատաբար լավ է Լոռիում (50%) և Գեղարքունիքում (51%)։
Ինչու՞ ալյուրի հարստացումը երկաթով լուծում չէ և նույնիսկ վտանագավոր է. պարզաբանում է սննդագետը
«Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն»-ի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանն ասում է, որ այս հետազոտության անցկացման գաղափարն առաջացել է դեռևս տարիներ առաջ, երբ Հայաստանում քննարկվում էր ալյուրի՝ երկաթով հարստացման նախագիծը։ Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանում չկան տվյալներ սննդի սպառման վերաբերյալ։
Իտալիան, օրինակ, հրաժարվել էր երկաթով ալյուրի հարստացման գաղափարից, երբ պարզվել էր, որ իտալաիցները ալյուրի հիմքով պատրաստած ուտելիք շատ են օգտագործում։
«Մեր հետազոտությունը ցույց տվեց տարբեր կլաստերներ. մենք ունենք մարդիկ, որոնք հացն օրական օգտագործում են 100-120 գրամ, և ունենք մարդիկ, որոնք օրական 350գ հաց են օգտագործում, և սա բավականին խնդրահարույց է, քանի որ երբ մթերքն ընտրում ես, որը որ պետք է հարստացնես, դու չես կարող հաշվի չառնել, որ, այո’, երկրում կան մարդիկ, որ օգտագործում են 100-120գ, բայց կան մարդիկ, որ օգտագործում են 350գ,- ասում է Դավիթ Պիպոյանը։- Եթե 350գ օգտագործողների տոկոսը հաշվարկում ես, դու պետք է իրենց համար ռիսկ գնահատես, որ եթե երկաթով ու ֆոլաթթվով (շատ քանակության դեպքում քաղկեղածին է, հեղ.) հարստացնես, արդյո՞ք 350գ օրական սպառման դեպքում այս մարդու մոտ առողջական ռիսկ չի առաջանա»,- ասում է սննդագետը։
Երկաթով ալյուրը հարստացնելու հանգամանքը, ըստ սննդագետի, հենց վկայում է այն մասին, որ սնունդը կարևոր դեր ունի երկաթդեֆիցիտային անեմիայի առաջացման վրա։
«Ակնհայտ է, որ մեզ մոտ ալրային հիմքով մթերքներն ունեն լայն սպառում։ Հետևապես, մենք խիստ զգուշավոր պետք է լինենք այս մթերքների հետ կապված որևէ փոփոխություն իրականացնելուց և չենք կարող ոտնահարել, օրինակ, 350 կամ 400գ հաց ուտողի իրավունքը»,-ասում է Դ. Պիպոյանը։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Առողջապահության նախարարությանը, սակայն խնդիրը, ըստ սննդագետի, բազմակողմանի է, քանի որ լուծումը կախված է ոչ միայն Առողջապահության, այլև՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարություններից, որովհետև ինչքան էլ մարդկանց ասես, որ սննդակարգը պետք է լինի բազմազան, պետք է ուտել կարմիր միս, ձուկ և այլն, այդ բոլորը թանկ մթերքներ են։
Հայաստանի գրեթե բոլոր մարզերը թերսնված են. մեծամասնությունը կարտոֆիլ և հացամթերք է ուտում
Պաշտոնական տվյալներով՝ 2020-2022թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է՝ 27%-ից դառնալով 25%։ Սակայն, դրան զուգահեռ, նվազել է նաև Հայաստանում սպառվող սննդակարգի օրական միջին կալորիականությունը, այսինքն՝ ավելացել է թերսնումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեծահասակներին խորհուրդ է տալիս օգտագործել օրական միջինը 2000-2500 կիլոկալորիա (կկալ)՝ (ԵԱՏՄ նորմերով՝ 2500 կկալ) օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար։
Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում և Երևանում մարդիկ օրական սպառում են մոտ 1800 կկալ, այսինքն՝ ԱՀԿ սահմանված նորմերից ցածր, ինչը համարվում է թերսնում։
Իրավիճակն ամենավատը Շիրակում և Արմավիրի մարզում է. 2022թ.-ին Շիրակում օրական միջինը սպառել են 1498 կկալ, Արմավիրում՝ 1531 կկալ, այսինքն՝ առաջարկվող նորմերից 35% ցածր։
2022թ. տվյալներով՝ նորմայի սահմաններում են սնվում միայն Սյունիքում (օրական միջինը սպառում են 2 212 կկալ) և Արագածոտնում (2157 կկալ)։
Երևանի սննդակարգի օրական միջին կալորիականությունը 1787 կկալ է, մոտ 200 կկալ-ով ավելի քիչ, քան 2021թ.-ին։
Կալորիականության նվազման այս պատկերը կարելի է տեսնել գրեթե բոլոր մարզերում. միայն Արագածոտնում է, որ 2021թ. համեմատ 2022թ.-ին օրական միջին սպառումը շատ աննշան՝ 80 կկալ-ով ավելացել է։ Իսկ Սյունիքում այն մնացել է նույնը՝ 2212 կկալ։
Բացի թերսնուցումից, Հայաստանում շատ է մարդկանց թիվը, որոնց սննդակարգի մեծ մասը հացամթերքն ու կարտոֆիլն են. այդ սննդատեսակներում օգտակար միկրոտարրերը, ինչպես նաև՝ երկաթը քիչ են։
Օրինակ, Արմավիրի մարզի բնակչության մոտ 35%-ի կամ ⅓-ի սննդակարգի 70%-ը կազմում են հենց կարտոֆիլն ու հացամթերքը։
Արմավիրին հաջորդում է Գեղարքունիքը` 20.9%, Շիրակը` 13.3% (որտեղ աղքատության մակարդակն ամենաշատն է՝ 30-40%, հեղ.) և Լոռին` 12%։
Երևանում կարտոֆիլի և հացամթերքի մասնաբաժինը մեծամասնության սննդակարգում այդքան էլ շատ չէ՝ 4,6%։ Իսկ ամենաքիչը կարտոֆիլ և հացամթերք սպառում են Վայոց Ձորում՝ 0,5%։
Ընդհանուր առմամբ՝ 2022թ․ տվյալներով՝ Հայաստանում միջինը 11.3% բնակչության սննդակարգի մասնաբաժնի 70%-ն է դարձել կարտոֆիլն ու հացամթերքը, ինչը 2 անգամ ավելի է, քան 2021թ.-ին։
Միայն 2 մարզում է, որ ցուցանիշը նվազել է։ Դրանք են՝ Արագածոտնը (ավելի քան 2 անգամ՝ 9.3%-ից դառնալով 4.1%) և Արարատը (9.2%-ից՝ 7.8%)։
«Մեր սննդակարգը հստակ ուղղորդված է` «ապահովելու» երկաթ դեֆիցիտային անեմիան». սննդաբան
Կալորիականության անբավարարությունը, որը զուգորդված է կարտոֆիլի ու հացամթերքի լայն սպառմամբ և կենդանական մթերքների խիստ անբավարարությամբ, կարող է լինել երկաթ դեֆիցիտային վիճակի հստակ ցուցիչ։ Այս կարծիքին է ԵՊԲՀ դասախոս, սննդաբան Արմեն Մկրտչյանը։
«Երբ որ մենք ունենք այդ բոլոր խանգարող գործոնները՝ ցածր կենսահասանելիությամբ մթերքների մեծ քանակներ և դրան հակադրված՝ բարձր կենսահասանելիության մթերքների խիստ դեֆիցիտ, այո’, մենք հստակ կարող ենք ասել, որ նման սննդակարգերը կարող են բերել նաև երկաթ դեֆիցիտային վիճակների»,- ասում է Ա. Մկրտչյանը։
Ընդ որում՝ կարևոր է ոչ միայն այն, թե մարդ ինչ է ուտում, այլև ինչպես է ուտում, որ մթերքը որի հետ է համադրում, քանի որ երկաթի յուրացման վրա կարող են ազդել տարբեր գործոններ։
Սննդաբանն ասում է, որ համադրումը Հայաստանում հիմնականում թերի է. շատ ենք օգտագործում սննդատեսակներ, որոնք խանգարում են երկաթի յուրացմանը. «Բուսական մթերքներում կան ֆիտատներ, որոնք խիստ իջեցնում են երկաթի կենսահասանելիությունն ու չեն թողնում, որ մենք այն յուրացնենք։ Ֆիտատներ շատ կան, օրինակ, լոբազգիներում»,- ասում է Ա. Մկրտչյանն ու խորհուրդ տալիս լոբազգիներն օգտագործելուց առաջ թրջել, ինչից հետո ֆիտատների մի մասը դուրս կգա։
Նույնը սննդաբանն ասում է նաև ավելուկի, սպանախի, կանաչ տերևավոր բանջարեղենի մասին, որոնք թեև պարունակում են շատ երկաթ, սակայն ունեն վատ կենսամատչելիություն, քանի որ պարունակում են օքսալատներ (քիմիական միացություն՝ նատրիումի աղ և թրթնջկաթթու, հեղ.)։
Թեյը, սուրճը նույնպես խանգարում են երկաթի յուրացմանը, քանի որ պարունակում են պոլիֆենոլներ և տանին։ Այդ պատճառով, դրանք պետք է խմել ոչ թե անմիջապես ճաշկերույթից հետո, ինչպես սովորաբար անում են Հայաստանում, այլ գոնե մեկ ժամ սպասել, որպեսզի դրանք չխանգարեն երկաթի յուրացմանը։
Կաթնամթերքի համադրումը մսամթերքի կամ երկաթ պարունակող այլ սննդատեսակի հետ իջեցնում է երկաթի յուրացումը. «Մենք երեխաներին ստիպում ենք, որ կակաո և կաթ օգտագործեն ճաշի ժամանակ, բայց մենք այդ կաթնամթերքով իջեցնում ենք հեմի երկաթի յուրացումը, որովհետև այնտեղ կա շատ կալցիում,- ասում է սննդաբանը, - և’ կազեինի սպիտակուցն է իջեցնելու երկաթի հասանելիությունը, և’ շիճուկային սպիտակուցներն են իջեցնելու, և’ ձվում կա սպիտակուց, որն իջեցնելու է երկաթի կենսահասանելիությունը»։
Սակայն Ա. Մկրտչյանը նշում է, որ յուրացմանը «խանգարելուց» բացի, մենք կարող ենք «օգնել» օրգանիզմին, որ երկաթը լավ յուրացվի։
«Օրինակ, վիտամին C-ով հարուստ բանջարեղենը կամ մրգերն օգնում են, որ ոչ հեմի երկաթը դառնա հեմի երկաթ, և կենսահասանելիությունը բարձրանում է։ Իզուր չէ, որ մրգերից կենսահասանելիությունը 10-12% է»,- ասում է նա։
Այդ պատճառով սննդաբանը խորհուրդ է տալիս բանջարեղենն ուտել թարմ, երբ այն դեռ չի ենթարկվել ջերմային մշակման, և վիտամին C-ն չի քայքայվել։
Թեև կարմիր միսը հեմ երկաթի լավ աղբյուր է, սակայն դրա շաբաթական քանակը, ըստ սննդաբանի, չպետք է գերազանցի 400-500 գրամը, քանի որ այն քաղցկեղածին է և ռիսկի գործոն կարող է լինել կոլոռեկտալ հատվածի համար (հաստ և ուղիղ աղու ուռուցքներ, հեղ.)։
Բազուկը, նուռը, խնձորը, որոնք այդքան խորհուրդ են տալիս երկաթի դեֆիցիտի ժամանակ, ոչ հեմային երկաթներ են, լավ չեն ներծծվում և չեն օգնում։ Մրգերի մեջ նախապատվությունը պետք է տալ ծիրանին, սև սալորին, օգտագործել մաղադանոս, կանաչ պղպեղ, որը նաև վիտամին C-ի աղբյուր է։
Սննդաբանը կարծում է, որ մարդկանց պետք է կրթել, սովորեցնել՝ ինչն ու ինչպես ուտել, և դրան պետք է մասնակցեն տարբեր օղակներ. «Ցավոք սրտի, մեր սննդակարգը հստակ ուղղորդված է, եթե կարելի է այդպես ասել, ապահովելու երկաթ դեֆիցիտային անեմիա»,- ասում է Ա. Մկրտչյանը։
Աղեստամոքսային հիվանդությունները խոչընդոտում են երկաթի ներծծմանը. գաստրոէնտերոլոգ- սննդաբան
Կարելի է սննդից բավարար չափով երկաթ ստանալ՝ ճիշտ համադրել մթերքը, բայց ունենալ ներծծման խնդիրներ, ինչն էլ իր հերթին կարող է բերել երկաթի դեֆիցիտի։
Սննդաբան-գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանն ասում է, որ իր այցելուների մեջ ավելացել են երկաթ դեֆիցիտի և անեմիայի դեպքերը։
Նա ընդգծում է այն հանգամանքը, որ կան պատճառներ, որոնք կարող են վատացնել երկաթի ներծծումը.
«Դա կարող է լինել մի շարք ստամոքսաղիքային խնդիրների ժամանակ՝ սկսած գաստրիտներից, հելիկոբակտեր պիլորիից, մարսողական համակարգի քրոնիկ խոցային հիվանդություններից, վերջացրած՝ ուռուցքներից և այլն։ Հիմա շատ ակտուալ է Հայաստանում ստամոքսի բարիատրիկ վիրահատությունը (ստամոքսի ծավալի փոքրացում) քաշն իջեցնելու համար. երկաթի ներծծումը կտրուկ նվազում է, և այդ վիրահատություններից հետո ամենահաճախ հանդիպող բարդություններից մեկը երկաթի պակասորդի վիճակն է ու հետո՝ անեմիան»,- ասում է Վ. Պետրոսյանը։
Երկաթը չյուրացնելու շատ տարածված պատճառներից մեկն էլ մարսողական համակարգի պարազիտար հիվանդություններն են, մասնավորապես՝ ճիճուները, ասկարիդները և այլն։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք կան որևէ նախանշաններ, որից մարդը պետք է հասկանա, որ ունի մարսողական համակարգի այնպիսի խնդիր, որը կարող է բերել երկաթի վատ ներծծմանը, Վ. Պետրոսյանն ասաց, որ դրանք բոլորը աղիքային հիվանդություններին բնորոշ գանգատներ են։ Օրինակ՝ խոցային հիվանդության ժամանակ կարող են լինել այրոցներ, ցավ, փքվածություն, իսկ ճիճուների դեպքում գանգատներ կարող են ընդհանրապես չլինել։
Սակայն, նրա խոսքով, գանգատներին մարդիկ սովորաբար ուշադրություն չեն դարձնում, նույնն էլ՝ արդեն անեմիայի դեպքում. ասում են՝ հոգնում եմ, թույլ եմ, տրամադրություն չունեմ, և պատճառը համարում են «ծանր ժամանակները»։
«Հետազոտությունը, սակայն, ցույց է տալիս, որ երկաթի պակաս կա, ու դրա վերականգնումից հետո, շատ արագ և’ հոգնածությունն է անցնում, և’ թուլությունը»,- ասում է Վ. Պետրոսյանը։
Կամ «հոգնած ոտքերի սինդրոմի» ժամանակ (երեկոյան ոտքերը ցավում են), գնում են հոդաբանների, երակաբանների մոտ, մինչդեռ Վ. Պետրոսյանի խոսքով, դա լինում է երկաթի պակասից։
Հետևաբար, եթե կա աղեստամոքսային համակարգի որևէ հիվանդություն, պետք է դա բուժել, որ մարդ կարողանա յուրացնել երկաթը։
Ի՞նչ կլինի, եթե չբուժել երկաթի դեֆիցիտով պայմանավորված անեմիան
Երկաթն անվանում են կյանքի մետաղ և ոչ միայն նրա համար, որ բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը.
«Այն ապահովում է մկանային տոնուսը, ապահովում է հյուսվածքային շնչառությունը, ակտիվորեն մասնակցում է ամբողջ օրգանիզմի նյութափոխանակությանը, մասնակցում է հակամարմինների սինթեզին,- ասում է արյունաբան Ա. Զախարյանը։- Եվ եթե երկաթ չկա, պատկերացնու՞մ եք՝ ինչքան օղակներում է տեղի ունենում խաթարում»։
Թեև երկաթը նյարդային համակարգի վրա ուղղակի ազդեցություն չունի, ինչպես, օրինակ, վիտամին B12-ի պակասը, սակայն արյունաբանը նշում է, որ երկաթի պակասի ժամանակ տուժում են աշխատունակությունը, կենտրոնացումը, հիշողությունը, ճանաչողությունը և այլն։
Գաստրոէնտերոլոգ-սննդաբան Վ.Պետրոսյանն էլ ընգծում է՝ ապրել երկաթի պակասորդով և անեմիայով նույնն է, երբ մեքենան առանց բենզին փորձում ես վարել. «Ամեն օրը, երբ դուք չեք բուժում ձեր անեմիան, ձեր օրգանիզմը մաշվում է, դրա համար կարևոր է այդ պաշարը վերականգնել։ Այն օրգանիզմը, որը կարող էր աշխատել 100 ՕԳԳ-ով, ինքն աշխատում է մոտ 40-50 ՕԳԳ-ով։ Դուք կարող եք առավոտյան արթնանալ, շատ աշխույժ լինել, ակտիվ լինել, նախաճաշ պատրաստել, գնալ աշխատանքի և այլն, բայց դրա փոխարեն ապրում եք ձեր կյանքի 30%-ը, վատ կինոյում եք ապրում ու շատ հաճախ չեք էլ հասկանում»,- ասում է Վ. Պետրոսյանը։
Թեև երկաթի պակասով պայմանավորված անեմիայի առաջնային բուժումը դեղորայքային է, սակայն արյունաբանն ասում է, որ բուժումը սկսվում է ճիշտ մշակված սննդակարգից։
«Սննդակարգի մեջ անպայման պետք է տեղ գտնեն ավելի դյուր ներծծվող երկաթ պարունակող սննդատեսակներ, օրինակ, կարմիր միսը՝ տավարի միսը, բնական, սպիտակուցային, երկաթ պարունակող սնունդ է,- ասում է արյունաբան Ա. Զախարյան։- Շատ քիչ քանակով ալկոհոլը ևս նպաստում է երկաթի ներծծմանը»։
Հացահատիկային մթերքը կարող է ազդել երկաթի յուրացման վրա. ՄԱԿ ՊԳԿ ուսումնասիրությունը
Հայաստանում երկաթի նման համատարած դեֆիցիտի պատճառներից մեկը երկաթով հարուստ սննդի հասանելիությունն ու մատչելիությունն են։ Սա հաստատվում է «Օքսֆամ» մարդասիրական բարեգործական կազմակերպության 2016թ. և 2019թ. ուսումնասիրություններով։
Պատճառներից են նաև պատշաճ սննդային կրթության բացակայությունը և երկաթի աղբյուրների մասին գիտելիքների բացակայությունը:
Օրինակ՝ Երևանի չափահաս բնակչության շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ընդհանուր սննդային գիտելիքներն ընդամենը 24,1% են։
ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ, FAO - Food and Agriculture Organization) ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության շրջանում անեմիային նպաստող գործոններ կարող են լինել հացահատիկային մթերքներում երկաթի կլանման արգելակիչների առկայությունը (օրինակ՝ ֆիտատները և տանինները), բարձր գնի պատճառով մսի հազվադեպ օգտագործումը, երկաթի յուրացումն ուժեղացնող մրգերի և բանջարեղենների սեզոնային սպառումը, և դրան հակառակ, երկաթի յուրացումն արգելակող սուրճի և թեյի հաճախակի օգտագործումը։
ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացրած վերջին տվյալները վկայում են, որ հայաստանյան այն տնտեսությունները, որտեղ պարենային անվտանգության հարցը լուծված չէ, մարդկանց սննդակարգը վատը է, քիչ են օգտագործում երկաթով հարուստ սնունդ, ինչպիսիք են՝ մսեղենն ու ձկնեղենը։
Մասնավորապես, պարենային անապահովության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանի հյուսիս-արևմուտքում է, ինչպես նաև՝ թերսնուցման բարձր տարածվածություն մինչև 5 տարեկան երեխաների շրջանում։
ՊՀԾ իրականացրած պարենային անվտանգության և խոցելիության 5-րդ վերլուծությունը, որն իրականացվել է 2022թ. դեկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարը պարենային անվտանգության մակարդակը գնահատելու համար, ցույց է տվել, որ Հայաստանում տնային տնտեսությունների 30%-ը սննդի պակաս ունի։ 44%-ն է որոշակիորեն ապահովված սննդով, ինչը, ըստ ՊՀԾ-ի, վկայում է, որ նոր ցնցումների կամ երկարատև ճգնաժամի դեպքում բնակչության կեսից ավելիին սպառնում է պարենային անապահովություն։
Պարենային անապահովության մակարդակն ավելի բարձր է Հայաստանի գյուղական բնակավայրերում` 34%, մի փոքր ցածր՝ քաղաքներում` 31%։
Տարածաշրջանային առումով` պարենային անապահովության ամենաբարձր ցուցանիշը Գեղարքունիքում և Լոռիում է՝ 39%, ապա՝ Շիրակում և Տավուշում՝ 36%։ Իրավիճակը համեմատաբար լավ է Արմավիրում և Սյունիքում` 27% և Երևանում՝ 24%։
Պարենային անվտանգության վերլուծությունը ցույց է տալիս, որ այն տնային տնտեսությունները, որոնք ղեկավարում են կանայք, ավելի մեծ պարենային անապահովության են բախվում, քան տղամարդկանց գլխավորությամբ ղեկավարվող տնային տնտեսությունները:
Բացի այդ, պարենային անապահովության մակարդակի վրա ազդում է կրթական մակարդակը. ինչքան այն ցածր է, այնքան անապահովության մակարդակը բարձր է։
Գլխավոր նկարը՝ Տաթև Խաչատրյանի
____________________________________________
Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Մեկնաբանել