HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը Կոտայքի մարզպետարանին պարտավորեցրել է նշանների բացակայության հետևանքով առաջացած վթարի համար փոխհատուցել վարորդին

10 տարի անց վարորդ Արմեն Թումանյանը վթարված ավտոմեքենայի փոխհատուցման գումար ստանալու վճիռ է ստացել: Դատարանն արձանագրել է, որ Կոտայքի մարզպետարանը չի տեղադրել համապատասխան ճանապարհային նշանները, ինչի հետևանքով վթարվել է Արմենի ավտոմեքենան, և պատճառվել է գույքային վնաս: Դատարանի վճռով մարզպետարանից պետք է բռնագանձվի 303 հազ. 100 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ 110 հազ. դրամ ՝ որպես դատական ծախս:

2013թ. մարտի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արմեն Թումանյանը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցով՝ մոտ 55 կմ/ժ արագությամբ: Չհասած 1-ին և 2-րդ փողոցների հատման խաչմերուկին՝ իրենից մոտ 30 մետր հեռավորությունից նկատել է, որ 2-րդ փողոցի կողմից «Մերսեդես Բենց 250D» մակնիշի ավտոմեքենան կանգնած զիջում է 1-ին փողոցով ընթացող ավտոմեքենաներին և մտածելով, որ իրեն ևս կզիջի՝ շարունակել է ընթացքը: Սակայն հասնելով «Մերսեդեսին»՝  վերջինիս վարորդը շարժվել է, մուտք է գործել խաչմերուկ և բախվել է Արմենի վարած ավտոմեքենային:

Արմեն Թումանյանը կարծում է, որ այդ ճանապարհահատվածի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձինք են մեղավոր: Չեն ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության պահանջները, և ճանապարհային երթևեկության կազմակերպման ճանապարհային նշանների փոփոխության մասին ժամանակին չեն տեղեկացրել՝ տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն: Դրանով էլ պայմանավորված է իր մասնակցությամբ պատահարի առաջացումը:

Ա. Թումանյանի փաստաբանը գրություն է ուղարկել Կոտայքի մարզպետին՝ հետաքրքրվելով, թե ո՞ր մարմինն է պարտավոր ապահովել վերը նշված ճանապարհահատվածի երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները և ճանապարհային երթևեկության կազմակերպման, ճանապարհային նշանների փոփոխությունները։

Մարզպետարանից հայտնել են, թե նշված ճանապարհահատվածն ընդգրկված է հանրապետական նշանակության ավտոճանապարհների անվանացանկում և գտնվում է Կոտայքի մարզպետի ենթակայության ներքո։ Սակայն, հայտնել են, որ տարիներ շարունակ մարզպետարանին հատկացված գումարները նախատեսված են միայն մարզային ճանապարհների պահպանման համար: Այսինքն՝ նոր նշանների տեղադրման համար միջոցներ չեն տրամադրվել, չնայած մարզպետարանն ամեն տարի բյուջետային հայտերում առանձին նշում է՝ գումարների հատկացում ճանապարհների կահավորման և նշագծման նպատակով:

 

Արմենը 2013թ.-ին դիմել էր վարչական դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզպետի, վերջինիս անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: 5,5 տարի հետո՝ 2019թ. վդատարանը վճիռ է կայացրել՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոտայքի մարզպետի անգործությունը՝ պայմանավորված պատահարի վայրում ճանապարհային երթևեկության ոչ պատշաճ և թերի կազմակերպմամբ: Կոտայքի մարզպետարանը բողոքարկել է դատական ակտերն, ի վերջո հօգուտ վարորդի վճիռը մնացել է ուժի մեջ:

Դրանից հետո՝ 2022թ.-ին Արմեն Թումանյանը դիմել է Կոտայքի մարզպետին՝ իր տրանսպորտային միջոցին պատճառված վնասը՝ 303.100 դրամը, 5-օրյա ժամկետում հատուցելու պահանջով:

Մարզպետարանից ստացել է գրություն, որ նշված գումարի հատուցման եզրահանգում վարչական դատարանի 2019թ. փետրվարի 15-ի վճռում առկա չէ:

Արմենը 2013թ.-ին դիմել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որի հիման վրա իրականացվել է ապրանքագիտական փորձաքննություն: Տրված եզրակացության համաձայն՝ «VAZ 21061» մակնիշի ավտոմեքենայի վերականգնման-վերանորոգման աշխատանքների շուկայական գինը, 2013թ. մարտի 24-ի դրությամբ, գործող շուկայական գներով կարող էր կազմել 303.100 դրամ:

Արմեն Թումանյանն իր ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Մեսրոպյանի միջոցով, 2022թ. դիմել է վարչական դատարան, այս անգամ պահանջելով փոխհատուցել պատճառված վնասը՝ 303.100 դրամն ու դատական ծախսերը:

Կոտայքի մարզպետարանը դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցվել է, սակայն որևէ մեկը չի մասնակցել դատական նիստերին, ինչպես նաև հայցադիմումի պատասխան կամ առարկություն չեն ներկայացրել:

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, 2023թ.-ի դեկտեմբերի 25-ին մասնակի բավարարել է Արմեն Թումանյանի հայցադիմումը: Մասնավորապես, դատարանը վճռել է պարտավորեցնել Կոտայքի մարզպետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Արմեն Թումանյանին 303.100 դրամի չափով պատճառված վնասի հատուցում տրամադրելու մասին:

Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Արմեն Թումանյանի բռնագանձվել է 110.000 դրամ, որից 10.000 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 100.000 ՀՀ դրամը` ներկայացուցչի վճարի փոխհատուցում: Մերժվել է միայն փորձագետին վճարված 25.000 դրամ գումարի բռնագանձման պահանջը:

Արմեն Թումանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր համառության շնորհիվ է հասել վնասի փոխհատուցման վճռին: Ըստ նրա՝ մարզպետարանը ժամանակ ձգձգելու համար բողոքարկել է դատական ակտերը, որպեսզի ինքը հիասթափվի և չշարունակի դատական գործը, հրաժարվի հայցադիմումից:

«Ես հիասթափվող տեսակ չեմ: 10 տարի հետո վնասի փոխհատուցման վճիռ ունեցանք: Ճիշտ է, այդ գումարն այլևս այդ արժեքը չունի, ինչ 2013թ.-ին, բայց կարևոր եմ համարում, որ նման վճիռ կայացվեց»,- ասում է Արմեն Թումանյանը:

Նրա խոսքով՝ եթե նույն իրավիճակը լիներ եվրոպական երկրներում, կփոխհատուցվեր նաև իր ճանապարհածախսը: Մի քանի տարի տաքսիներով է երթևեկել, բայց չի կարողացել ներկայացնել կտրոններ՝ որպես ապացույց:

Նշենք, որ վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան՝ հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Լուսանկարն՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter