«Հելսինկյան ասոցիացիան» սպասում է, քրեական գործ կհարուցվի
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է 08.07.2012 թ-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու առաքելություն իրականացնելիս:
Այս միջադեպը մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ «Հելսինկյան ասոցիացիայի» աշխատակիցներին բռնության են ենթարկում՝ կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին և այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է, կամ համապատասխան ընթացք չի տրվել:
Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեև ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի՝ քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի «Հելսինկյան ասոցիացիան» սպասում է իշխանությունների արձագանքին:
Հ.Գ. Այն պահին, երբ պատրաստվում էինք հայտարարությունը ուղարկել ԶԼՄ-ներին, Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց Արման Վեզիրյանին, ներողություն խնդրեց և հայտնեց, որ զղջում է իր կատարածի համար:
«Հելսինկյան ասոցիացիա»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել