HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է 630 միլիոն դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից Իրանից ՀՀ են ներմուծվել և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ․ մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, ըստ փաստաթղթերի՝ վերաարտահանվել են Վրաստան։

Աշխատանքների արդյունքում առաջացել է կասկած առ  այն, որ հնարավոր է տվյալ գործընթացը կազմակերպվել է՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու նպատակով: Տվյալները ստուգելու նպատակով հսկողության են վերցվել ընկերությունների կողմից իրականացվող մաքսային գործառնություններն, ու որոշում է կայացվել վերոհիշյալ ընկերությունների կողմից  ներմուծումներ և այնուհետ վերաարտահանումներ իրականացնելու դեպքում բեռնատարները փաստացի զննել ելքի սահմանային անցակետում։ 

Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ: Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։

Ըստ ՊԵԿ-ի՝ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին նշված բեռնատարները մուտք են գործել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որից հետո մաքսային մարմնի աշխատակցի կողմից տրվել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտ և թույլատրվել է ապրանքների արտահանումը Վրաստան։ Հիշյալ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացն ավարտվելուց հետո, ՄԴՊ վարչության աշխատակիցները բեռնատարները ենթարկել են մաքսային զննության: Արդյունքում պարզվել է, որ բեռնատարների վրա տեղադրված կապարակնիքներն անվնաս են, սակայն, բեռնատարների կիսակցորդներում բացակայում են վերաարտահանման հայտարարագրերում նշված 87,6 տոննա հանքային յուղերը։

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել են նշված ընկերության գործունեությունը կազմակերպող և օժանդակող անձանց շրջանակը, ինչպես նաև այն, որ հիշյալ անձինք կազմակերպել են մեկ այլ ընկերության միջոցով հանքային յուղերի՝ ՀՀ տարածք ներմուծումներն ու արտահանումները դեպի Վրաստան։

Նախկինում Հայաստան ներմուծված և ըստ փաստաթղթերի Վրաստան արտահանված հանքային յուղերի վերաբերյալ համապատասխան հարցում է կատարվել Վրաստանի մաքսային մարմին, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ հիշյալ ընկերությունների կողմից երբևէ Վրաստան յուղեր չեն արտահանվել։ Վերոգրյալի հիման վրա կատարվել է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ, որի համաձայն ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ մաքսային վճարներ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ և մաքսատուրք։ 

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կայացված որոշումների հիման վրա,  ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել նշված հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող  5 անձ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, որոնց արդյունքում կատարվել են փաստաթղթերի և համակարգիչների առգրավումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter