HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանցկացվի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ

Գործադիրը հավանություն է տվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Օրենքի նախագծով կարգավորվում են ԵՄ ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգությանն առնչվող հիշյալ հրահանգների պահանջներով սահմանված դրույթները, ինչպես նաև վարչապետի համապատասխան հանձնարարականով նախատեսված օրենքով լիազորող նորմերի սահմանման գործընթացները։ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ՝ կհստակեցվեն օրենքում իրավական ակտեր ընդունելու լիազորող նորմերը, կսահմանվեն ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման, ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտի և ճանապարհային թունելների անվտանգության նվազագույն պահանջներով նախատեսված հարաբերությունների հետ կապված դրույթները: Կհստակեցվեն ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում, բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում և պաշտպանական գոտիներում կառուցապատման պահանջները: Պետական ճանապարհային մարմինը կիրականացնի նաև ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման, ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորման գործառույթներ: Ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման արդյունքում ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում՝ ճանապարհի շինարարության պլանավորումից մինչև ճանապարհը շահագործման հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում կիրականացվեն ճանապարհային անվտանգության աուդիտներ, որը կհանգեցնի ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավմանը: Թունելների անվտանգության ապահովման մասով կսահմանվեն նվազագույն տեխնիկական պահանջներ (օդափոխության համակարգերի, տարհանման, լուսավորության, հակահրդեհային համակարգերի և այլն), ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման մարմնի կողմից կիրականացվեն թունելների անվտանգության նկատմամբ հսկողության, գնահատման և փորձարկման գործընթացներ, կուժեղացվի թունելների անվտանգությանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում Ճանապարհային անվտանգության աուդիտորի և թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու և որակավորման վկայական տալու համար մասնակիցներից կգանձվի օրենքով սահմանված բազային տուրքի համապատասխանաբար 20-ապատիկի և 10-ապատիկի չափով գումար։

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Ճանապարհային երթևեկության անվտանգությանը մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, նաև աշխատանքային խումբ ունենք, որ անընդհատ աշխատում է հասկանալու, թե ինչ կարող ենք անել ճանապարհային երթևեկության անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ: Այս առումով՝ նաև Ներքին գործերի նախարարությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում: Լավ լուրն այն է, որ այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որովհետև որոշակի մեթոդաբանությամբ աշխատել ենք և տեսել, որ հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ»: Կառավարության ղեկավարը նման հարցերում կարևորել է նաև ստեղծագործական մոտեցում ցուցաբերելը, քանի որ այն որոշումները, որոնք կայացվում են, շատ դեպքերում նման հարցերի և շատ իրավիճակների չեն պատասխանում:

Անդրադառնալով ճանապարհային անվտանգության աուդիտին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր կողմից հարց է առաջադրվել այն մասին, որ պետք է ոչ միայն ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացվի, այլ նաև ճանապարհների որակի աուդիտ իրականացվի: «Այն ճանապարհը, որը կառուցվել է 4 տարի առաջ այն վիճակում չէ, որ պետք է լիներ: Այսինքն՝ ավելի վատ վիճակ է, գոնե իմ զգացողությամբ, քան պետք է լիներ: Բայց մյուս կողմից՝ մենք այդ ճանապարհն ընդունել ենք, այնտեղ հորատումներ են անում, ստուգումներ են անում, բայց մենք ամեն իքս պահի չունենք այն հարցի պատասխանը, որ 4 տարի կամ 5 տարի կամ 2 տարի կամ 1 տարի կամ 6 ամիս առաջ շահագործման հանձնված ճանապարհն այսօր այն վիճակո՞ւմ է, որը մեր ստանդարտով պետք է լիներ, թե՞ չէ»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ եթե դա լիներ կոռուպցիոն գործարքի հետևանք, ապա հեշտությամբ կբացահայտվեր ճանապարհների՝ պատահականությամբ ընտրված հատվածներից հորատումներ իրականացնելով և դրանց ստուգման արդյունքները տեսնելով: Ամփոփելով ճանապարհների որակի հետ կապված թեման՝ կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է բանաձև ունենալ, որը կպատասխանի այն հարցին, թե շահագործման հանձնելուց հետո այդ ճանապարհն ինչ վիճակում պետք է լինի: «Եթե մենք որակը երաշխավորող մեխանիզմներ չունենանք, կարող ենք խնդիրների առաջ կանգնել»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացված դիտարկումներին ի պատասխան՝ Գնել Սանոսյանը նշել է. «Լաբորատոր ուղղությամբ այս տարիներին բազմաթիվ փոփոխություններ ունենք, սկսած՝ սարքավորումներից, որոնք նախկինում չունեինք, չափման նոր մեթոդներ, որոնք չունեինք: Մենք առաջ անհարթությունը չէինք չափում, հիմա՝ չափում ենք, առաջ այլ նյութով էինք գծանշում անում, հիմա՝ այլ նյութով: Այսինքն՝ այս ոլորտում մենք բավականին փոփոխություններ ունենք, բայց զուգահեռ նաև իրավական փոփոխություններ ենք անում, որոնցից մեկն էլ այսօր նշեցի, որ ճանապարհների աուդիտին է վերաբերում, սկսած՝ նախագծման փուլից, որովհետև հաճախ մեր խնդիրները, գիտեք, նաև նախագծման փուլից է գալիս»: ՏԿԵ նախարարը նաև հավելել է, որ բարձրացված բոլոր հարցերին և մտահոգություններին մանրամասն անդրադարձ կլինի:

Վերջին օրերին եղանակային պայմանների բերումով ճանապարհների սպասարկման հետ կապված քննարկումներին անդրադառնալով՝ վարչապետը հետաքրքրվել է նաև ճանապարհների սպասարկման մրցույթների կարգի և պահանջների հետ կապված են 2021 թվականին կատարված փոփոխությունների արդյունքից: Այս հարցին ի պատասխան՝ Գնել Սանոսյանը նշել է. «Եթե մինչև փոփոխությունը հանրապետության 38 սպասարկող տարածքներում 305 տեխնիկա էր աշխատում, հիմա աշխատում է 420: Այսինքն՝ նախ քանակական այդպիսի փոփոխություն ունենք: Երկրորդ՝ եթե նախկինում միջպետական ճանապարհներին մենք ունեինք աղը, ավազը բահով ցանելու ավանդույթը, ապա հիմա տեխնիկաներով ենք իրականացնում: Մյուս փոփոխությունը վերաբերում է տեխնիկայի տարեթվերին: Մենք սահմանել ենք, որ մինչ 15 տարեկան լինեն, բայց որպեսզի ընկերությունների համար մեծ ծանրաբեռնվածություն չլինի տարիներ ենք սահմանել»:

Ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված վարչապետն ընդգծել է նաև ձմեռային ամիսներին իրավաբանական անձին պատկանող մեքենաների ոչ ձմեռային անվադողերով երթևեկության համար վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի կարևորությունը»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter