HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նախատեսում է աջակցել ընկերություններին թվայնացման գործընթացում

Գործադիրն ընդունել է որոշում, որով «Ռազմավարական և առաջնահերթ ոլորտներում տեխնոլոգիական արդիականացում և բիզնես պրոցեսների օպտիմալացում» ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս մեկ բաղադրիչ ավելացնել, որը կնպաստի ընկերությունների թվայնացմանը: Կսահմանվեն նաև արդյունքային ցուցանիշներն Արտադրողականության խթանման միջոցառման իրականացումն առավել արդյունավետ ապահովելու համար: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ տարեկան առնվազն 1000 նոր/չօգտագործված մեքենա-սարքավորումների ներդրում ձեռնարկություններում, մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների արտադրական տարածքների ընդլայնում, արտադրողականության և տեխնոլոգիական հագեցվածության բարձրացում, տարեկան առնվազն 400 բիզնես սուբյեկտներին բիզնես գործընթացների օպտիմալացման համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական օժանդակություն, տարեկան 400 բիզնես սուբյեկտի ֆինանսական աջակցություն, ով անցում կկատարի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը բիզնես գործընթացներում։ Ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ըստ հիմնավորման՝ Արտադրողականության խթանման միջոցառման շրջանակում ձևավորված վարկային լիզինգային պայմանագրերով։ Պորտֆելի 59%-ը ուղղվել է ՓՄՁ ֆինանսավորմանը։ Լլիզինգային պորտֆելը 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 207 մլրդ դրամ՝ 3591 կնքված վարկային պայմանագիր:

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այս պահի դրությամբ աջակցության ծավալի մոտավորապես 45 տոկոսը իր վրա է վերցրել մշակող արդյունաբերությունը, շինարարության ոլորտում գրանցվել են 47 միլիարդի ներդրումներ, նաև առողջապահության ոլորտի ընկերություններն են բավականին արագ թարմացնում իրենց սարքավորումները: Ծրագրի մյուս բաղադրիչով նախատեսվում էր բարձրացնել ընկերությունների արտադրողականությունը օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ. 28 ընկերությունում ներգրավվել է 367 մասնագետ: Սուբսիդավորվում է նրանց 3 տարվա աշխատավարձի 20, 50 կամ 70 տոկոսը: «Հիմա մենք ավելացնում ենք երրորդ բաղադրիչը, որն ուղղված է ընկերությունների թվայնացմանը: Այսօր Հայաստանում ընկերությունների 90 տոկոսից ավելին թվային առումով հասուն չէ, և մենք այս գործիքով փորձում ենք ընկերություններին օգնել դառնալ թվային ընկերություններ, այսինքն՝ արդիականացնել, թվայնացնել իրենց պրոցեսները»,- ասել է նախարարը:

Վահան Քերոբյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում նախատեսված 3 բաղադրիչը: Նախ տրամադրվում է խորհրդատվության համար սուբսիդավորվող վարկ, որպեսզի ընկերությունները թվայնացման գործընթացի ընթացքում ձեռք բերեն որակյալ խորհրդատվություն: Երկրորդ՝ բուն թվայնացման պրոցեսի համար սուբսիդավորվում են թվայնացման ներդրումները: Երրորդ՝ հաջողության պարագայում, երբ ընկերությունները գրանցում են միանգամից 2 արդյունք, այն է՝ ներդնում են որակի կառավարման և թվայնացման ստանդարտներ ու ստանում են այդ ստանդարտները, ինչպես նաև արդյունք են ստանում արտահանման դիվերսիֆիկացիայի մասով, ապա խորհրդատվության համար տրամադրված գումարի վարկի կեսը դրամաշնորհի տեսքով հետ կփոխանցվի:

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ տնտեսական արդիականացման ծրագիրը հանրության շրջանում հայտնի է որպես լիզինգի ծրագիր, որը ներդրվել է քովիդի շրջանում: Ըստ վարչապետի՝ ծրագրի արդյունքն այսօր տեսանելի է, այդ թվում՝ շինհրապարակներում առկա ժամանակակից, բարձր որակի տեխնիկայի առումով: «Դրանից հետո մենք ավելացրել ենք ևս մեկ բաղադրիչ, որով մենք օգնում էինք ընկերություններին հրավիրել բարձրակարգ մասնագետներ: Եվ հիմա ավելացնում ենք երրորդ բաղադրիչը՝ նույն բանաձևով կօգնենք ընկերություններին թվայնացման, կառավարման համակարգերի ներդրման և արդյունավետության բարձրացման դեպքում՝ ավելացնելով նաև հետվճարի բաղադրիչ: 2020 թվականի մարսին 26-ին այս որոշումը կայացրել ենք, և այս ծրագիրը շարունակաբար օգուտներ է բերում ՀՀ-ին»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ «շինարարության բումը» նաև այս որոշման արդյունքում է տեղի ունեցել:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այս ծրագիրը փող աշխատող ծրագիր է. «Մենք վերլուծել ենք այն ընկերությունների պահվածքը, որոնք օգտվել են ծրագրից, և տեսել ենք, որ նրանք 2023-ի առաջին 9 ամիսներին 32 տոկոսով ավելի հարկ են վճարել, քան 2022 թվականին են վճարել, այն դեպքում, երբ մյուս ընկերությունները 15 տոկոսով են ավելի վճարել: Ավելի վճարած հարկն ավելին է, քան մեր կողմից այս վարկերի սուբսիդավորման ամբողջ գումարը: Այսինքն՝ մենք ընկերություններում ներդնում ենք X, իսկ նրանք ավելի վճարած հարկերի տեսքով հետ վերադարձնում են X և մի բան էլ ավելի»:

Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ այս ծրագիրը կառավարություն-մասնավոր հատվածի «հարստացի՛ր և հարստացրո՛ւ» բանաձևի շատ գործնական օրինակ է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելել է, որ ծրագիրն ունի նաև հարակից արդյունքներ: Մասնավորապես՝ այն նաև էներգախնայողության մանդատ ունի, քանի որ այն սարքավորումները, որոնք լիզինգով ներմուծվում են, փոխարինում են այն սարքավորումներին, որոնք էներգախնայողության տեսանկյունից անթույլատրելի են իրենց ստանդարտներով»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter