HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է Անահիտ աստվածուհու արձանը ցուցադրել Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվորեն համագործակցում է Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։ Այս մասին ասվում է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում։

«Դեռևս 2018 թվականին Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ցուցադրվել են 10 բացառիկ ցուցանմուշներ։ 

2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Քա VI-V-րդ դդ), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք ա II-I դդ)։ 

Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Ժաննա Անդրեասյանը,  Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:

Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք ա I դ ):  Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ։ 

Այս ցուցադրության կազմակերպման աշխատանքները վերջնականացման փուլում են, որի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության և թանգարանի կողմից պաշտոնապես կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին:

ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի պատմության թանգարանը ակտիվ համագործակցում են Բրիտանական թանգարանի, ինչպես նաև այլ հեղինակավոր գործընկերներ կառույցների հետ՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակութային ժառանգությունը պատշաճ ներկայացնելու  և հանրահռչակելու ուղղությամբ»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ Դամիրյան
Որտեղից բրիտանական նման "մեծահոգություն": Դրա կարիքը չկա: Հայաստանը հեթանոս չէ 301 թվականից: "Կրոնական հանդուրժողականություն'' կեղծ կատեգորյան մեկ նպատակ է հետապնդում` տանել Հայաստանը եվրոպական մասոնական գլոբալացման ու վերացման ճանապարհով: Դրան իհարկե նպաստելու է մեր Հայ Առաքելական հավատից շեղելու ցանկացած նախաձեռնություն: Իսկ եթե հեռացանք մեր հավատից, հեռանալու ենք մեր տեսակից: Ասածս ազատության և ազատամտության կաշկանդման դրսևորում չի: Այլ տոկոսային հարաբերությամբ նույնիսկ մինչև 50 տոկոսի շեմից էլ իջած եվրոպական երկրների քրիստոնյա հանրության տխուր վիճակագրությունը, եվրոպական ազգերի անպտղության ու նվազման, ներգաղթի արդյունքում մուսուլմանական համայնքների գերակշռման փաստը: Եվրոպան չէ մեզ օրինակ, այլ մենք` իրենց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter