
Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու
«Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու։ Այդ մասին փետրվարի 1-ին հայտարարվել է կուսակցության համագումարի ժամանակ։ Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կոբախիձեին կփոխարինի կուսակցության ղեկավարի պաշտոնում։
Թբիլիսիում համոզված են, որ կառավարության ու իշխող կուսակցության ղեկավարության փոփոխության մասին որոշումը կայացրել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածուին առաջադրում է խորհրդարանի խոշորագույն խմբակցությունը, որն այս պահին «Վրացական երազանքն» է։ Մինչև օրենսդիր մարմնում քվեարկությունը Կոբախիձեն համարվում է վարչապետի թեկնածու։
Վարչապետի պաշտոնին առաջադրվելուց անմիջապես հետո Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր կառավարությունում պաշտոնները կպահպանեն նախկին բոլոր նախարարները, բացի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեից, որը, ըստ Կոբախիձեի, «ինքն է ցանկացել շարունակել գործունեությունը մեկ այլ ոլորտում՝ դիվանագիտության մեջ»: Պաշտպանության նոր նախարար կդառնա պրոֆեսիոնալ դիվանագետ Իրակլի Չիկովանին։
Նոր կառավարության գլխավոր խնդիրը Կոբախիձեն անվանել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության նկատմամբ «համոզիչ հաղթանակը։
Սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում Իրակլի Կոբախիձեն կնշանակվի վարչապետի պաշտոնում։ Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցի կառավարության նոր ղեկավարի խորհրդարանական ընտրության նիստին։
Լուսանկարը՝ Կոբախիձեի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել