
Ռուսաստանում բացառում են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը
Ներկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հարցը քննարկման դրված չէ։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հիշյալ նստաշրջանի ընթացքում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի քննարկման փուլում: Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ կա հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց չկա»,- «РИА Новости»-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։
Վասիլևը, պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու մասին հարցին, ընդգծել է, որ դա բացառապես Երևանի ընտրությունն է, թեև, ինչպես կարծում է դեսպանը, «այն արվել է դրսի ճնշման ներքո»:
Ռուսաստանցի պաշտոնյան այն կարծիքին է, որ Հայաստանի անվտանգությունն անհնարին է առանց այս կառույցի։ «Ես չեմ կարող ձեզ տեղեկություններ հայտնել, որոնք ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության»,- հայտարարել է Վասիլևը։
Նա նշել է, որ Ռուսաստանը «հստակ տեսնում է արևմտյան երկրների փորձերը, որոնք ցանկանում են օգտագործել իրավիճակը և սրեն իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Կովկասում»:
«Օգտագործում ենք ՀԱՊԿ շրջանակներում բոլոր մակարդակներում քննարկումները, որպեսզի մեր հայ գործընկերների ուշադրությունը սևեռենք արևմտյան երկրների այս գիտակցված քաղաքականության վրա»,- եզրափակել է ռուսաստանցի պաշտոնյան։
Լուսանկարը՝ Sputnik / Алексей Майшев
Մեկնաբանել