
Ուկրաինայում դեռևս չեն կարողանում գտնել Զալուժնիին փոխարինող
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ չի կարողանում փոխարինող գտնել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Վալերի Զալուժնիին, որը, ըստ տարբեր լրատվամիջոցների, կարող է պաշտոնանկ արվել: Այդ մասին գրում է գերմանական Bild-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Bild-ի տվյալներով՝ Զելենսկին փորձում է պաշտոնանկ անել Վալերի Զալուժնիին։ Սակայն, ըստ պարբերականի, գեներալները հրաժարվել են ընդունել այդ որոշումը։ «Պոտենցիալ երկու փոխարինողները՝ հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն ու ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հրաժարվել են»,- գրում է պարբերականը։
Երկուշաբթի օրը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Բորիսլավ Բերյոզան հայտարարել էր, որ Զալուժնին ազատվել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնից։
Նախկին պատգամավորի տվյալներով՝ այդ կապակցությամբ Ուկրաինայի նախագահի գրասենյակը վրդովված զանգեր է ստացել օտարերկրյա գործընկերներից։ Իր հերթին Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Զալուժնին ծանուցվել է իր հրաժարականի մասին, սակայն համապատասխան հրամանագիր դեռևս չկա:
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել էր, որ Զելենսկին չի հեռացրել Զալուժնիին։ Սակայն ուկրաինական լրատվամիջոցներում և սոցցանցերում Զալուժնիի ճակատագրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են մինչ օրս։
The Washington Post թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Զելենսկին արդեն որոշում է կայացրել Զալուժնիի հեռացման վերաբերյալ, թեև դրա մասին հայտարարությունը կարող է որոշ ժամանակով հետաձգվել: Ավելի ուշ CNN հեռուստաալիքը հստակեցրել էր, որ գերագույն հրամանատարի ազատման մասին հրամանագիրը կստորագրվի արդեն այս շաբաթվա վերջ:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել