Ալիևը Հայաստանին կոչ է անում փոխել Սահմանադրությունը
Բաքուն և Երևանը կարող են խաղաղության հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և նորմատիվ-իրավական այլ փաստաթղթերում՝ «վերջ դնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանի անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանը (նկատի ունի Արցախը-խմբ.) Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու ուղղակի կոչեր, և այդ փաստաթղթի հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ: Բացի այդ, Հայաստանի նորմատիվ-իրավական այլ փաստաթղթերում ևս կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, բազմաթիվ կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանը, կան բազմաթիվ վերապահումներ, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ < ... > Խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ հավակնություններին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության և նորմատիվ-իրավական այլ փաստաթղթերի մեջ»,- հայտարարել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Ալիևն այն կարծիքին է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների շուրջ ներքին քննարկումների մեկնարկը դրական քայլ է ու «կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի շուտափույթ ավարտի համար»:
Ադրբեջանի նախագահը նաև հավելել է, որ Երևանի ու Բաքվի միջև փաստացի կա խաղաղություն։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի արդեն գոյություն ունի խաղաղություն, երկու երկրների սահմանին մի քանի ամիս է՝ տիրում է խաղաղ իրավիճակ: Սակայն այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել, իսկ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել