HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ի համար կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի միանալը չազդի երկկողմ հարաբերությունների վրա. Պեսկով

Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը նրա ինքնիշխան գործն է, Ռուսաստանի համար կարևոր է, որ դա բացասաբար չանդրադառնա Մոսկվայի ու Երեւանի հարաբերությունների վրա։ TACC-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Ընդհանուր առմամբ, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց մյուս կողմից մեզ համար կարևոր է, որ նման որոշումները բացասաբար չանդրադառնան ու թե՛ իրավաբանորեն, թե՛ փաստացի չազդեն մեր հարաբերությունների վրա, որոնք մենք գնահատում ենք ու ձգտում ենք զարգացնել»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 1-ին Հայաստանը դարձավ աշխարհի 124-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման և դրա իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու գործընթացն ակտիվացել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Նպատակը Ադրբեջանից հնչող սպառնալիքներն ու պատերազմական հանցագործությունների քննությունը միջազգային ատյան տեղափոխելն է:

Հայաստանը Կանոնադրությունը ստորագրել էր 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարության նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելիս ասաց, թե հուսով են, որ Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման քայլը կանխարգելիչ ազդեցություն կունենա հետագա պատերազմական հանցագործությունները կանխելու համար:

Հռոմի ստատուտի վավերացումը մտահոգություններ էր առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում։ 

«Հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումն այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ձերբակալման օրդերներ են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա»,- հայտարարել էր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter