HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի ներքին գործերի նախարար. Հայաստանի և Իրանի միջև առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:

Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ և դինամիկ զարգացող հարաբերություններ՝ Արմեն Գևորգյանն ասաց, որ տարեց տարի աճում է նաև ապրանքաշրջանառության ծավալը, և այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա:

«Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր` սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ-ից մինչև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցում: Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաև տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաև տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեն»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Իրանի ներքին գործերի նախարարը ևս ընդգծեց երկու երկրների միջև բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները` ասելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում են նաև Արևմտյան և Արևելյան Ատրպատականների նահանգապետները, ովքեր այցի ընթացքում գործընկեր մարզպետների հետ կքննարկեն երկուստեք հետաքրքիր հարցեր: Բացի դրանից՝ Հայաստանի մարզերի հետ փոխգործակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանի մի քանի այլ նահանգ:

Երկուստեք կարևորվեց անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար: Դրան կնպաստի նաև մաքսային ոլորտում համագործակցությունը:

Անդրադարձ եղավ վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությանը: Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունը մասնավոր հատվածի հետ համագործակցաբար հետևողական աշխատանքներ է կատարում զբոսաշրջիկների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու համար ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ սահմանային անցակետերի արդիականացման առումով:

Կողմերը փոխգործակցության զարգացման համար հեռանկարային համարեցին նաև գյուղատնտեսության, անասնաբուծության, ՏՏ ոլորտում համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Արևմտյան և Արևելյան Ատրպատականների նահանգապետները ներկայացրին համագործակցության ներկա մակարդակն ու հեռանկարները, առաջարկ եղավ նաև քննարկել Թավրիզ-Երևան օդային հաղորդակցության հաստատման հարցը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter