
ԵՄ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը կխաթարի Հարավային Կովկասում խաղաղությունը. Բայրամով
Եվրամիության կողմից Հայաստանին ցանկացած պատրվակով ռազմական օգնության տրամադրումը Հարավային Կովկասում կխաթարի խաղաղությունը։ Ըստ APA գործակալության՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե 30 տարի անց տարածաշրջանում առաջին անգամ բարենպաստ պայմաններ են ձևավորվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու համար:
Բայրամովը հավելել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին «ինչ-որ պատրվակով ռազմական օգնություն տրամադրումը, հովանավորության ցուցաբերման ցանկությունը միայն կխաթարեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գործընթացը»:
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը «ԵՄ հուսալի գործընկերն է, իսկ Բաքվի նկատմամբ ցուցաբերվող երկակի ստանդարտների քաղաքականությունն ու անարդար մոտեցումը չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղությանը»:
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել