
Ռուսական զորքերը անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի վրա
Ռուսական զորքերը փետրվարի 2-ի գիշերն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են Shahed տեսակի 24 հարվածային անօդաչու։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ 11 անօդաչու հաջողվել է խոցել Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Կիրովոգրադի և Խարկովի մարզերի տարածքներում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդագրության մեջ նշվում է, որ անօդաչուների մի մասը ևս չի հասել իր թիրախներին։
Ռուսական հարձակման թիրախում հայտնվել է նաև Կրիվոյ Ռոգը։ Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը նշել է, որ երեք անօդաչու հաջողվել է խոցել։ Չխոցված անօդաչուներից մեկը հարվածել է «Ուկրէներգո»-ի էլեկտրական ենթակայանին։
Լիսակի տվյալներով՝ Կրիվոյ Ռոգում առանց հոսանքի է մնացել մոտ 40 000 բաժանորդ։ Էլեկտրականությունն անջատվել է նաև երկու հանքահորերում, որտեղ այդ պահին գտնվում էր 100 մարդ։ Նրանց հաջողվել է դուրս բերել։
ՌԴ զորքերն ամեն օր անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարածքին։ Հաճախ հարձակումների թիրախը է դառնում Կրիվոյ Ռոգը։ Վերջինս կարևոր արդյունաբերական կենտրոն է և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայրենի քաղաքը։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել