HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն Սիրիայում և Իրաքում հարվածներ է հասցրել իրանամետ ուժերի դիրքերին

Ամերիկյան զինուժն Իրաքում և Սիրիայում ավիահարվածներ է հասցրել իրանամետ խմբավորումների օբյեկտներին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։

Ինչպես հայտարարել է ամերիկյան գերատեսչությունը, ամերիկացի զինվորականները խոցել են ավելի քան 86 թիրախ՝ դրանց ուղղությամբ արձակելով ավելի քան 125 բարձր ճշգրտության ռումբ: Նշվում է, որ հարվածները հասցվել են հրամանատարական և հետախուզական կենտրոններին, սպառազինության պահեստներին, հրթիռային կայանքներին ու լոգիստիկ օբյեկտներին, որոնք օգտագործում էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» ստորաբաժանումն ու դրա հետ փոխկապակցված խմբավորումները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր հրամանով հարվածները հասցվել են այն օբյեկտներին, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և դրա հետ փոխկապակցված խմբավորումները օգտագործում էին ամերիկյան զորքերի վրա հարձակման համար: 

«Մեր պատասխանը սկսվեց այսօր։ Այն կշարունակվի մեր ընտրությամբ ցանկացած պահին և ցանկացած վայրում: ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում կամ աշխարհի որևէ այլ վայրում չի ձգտում հակամարտության։ Բայց թող բոլոր նրանք, ովքեր կարող են փորձել վնաս հասցնել մեզ, իմանան, որ եթե դուք վնասեք ամերիկացուն, մենք կպատասխանենք»,- նշել է նա։

Սպիտակ տանը հայտարարել են, որ, նախքան հարվածներ հասցնելը, ԱՄՆ-ն Իրաքի կառավարությանը տեղեկացրել է ծրագրված հարձակման մասին։ ԱՄՆ օպերատիվ կառավարման պետ Դուգլաս Սիմսը հարվածները հաջող է անվանել՝ նշելով, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է իրանամետ խմբավորումների սպառազինությունը։ Reuters-ը նշում է, որ հստակ չէ, թե արդյոք այդ խմբավորումների անդամների շրջանում կան զոհեր։

Սաուդյան «Al Hadath» հեռուստաընկերությունը, հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանին, հայտնել է, որ հարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է իրանամետ խմբավորումների 18 անդամ։ Խմբավորումներից մեկն էլ հայտնել է, որ Իրաքում զոհվել է 16 մարդ։ 

Իրաքի զինված ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի՝ Սիրիային սահմանակից շրջաններում: Իրաքի բանակի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Յահյա Աբդալան Վաշինգտոնին մեղադրել է Իրաքի ինքնիշխանությունը խախտելու մեջ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հարձակումները սպառնալիք են, որը Իրաքին և տարածաշրջանին կբերի անկանխատեսելի հետևանքների:

Սիրիայի պաշտպանության նախարարությունը նույնպես դատապարտել է ամերիկյան հարվածները։ Գերատեսչությունը հայտարարել է, որ հարձակման հետևանքով վնասվել է պետական և մասնավոր սեփականություն, կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում: Ընդ որում, տուժածների թիվը սիրիական կողմը չի հայտնել։

Հունվարի 28-ին անհայտ անօդաչուն հարված էր հասցրել Հորդանանում ամերիկյան Tower 22 ռազմաբազային։ Դրա հետևանքով զոհվել էր ամերիկացի 3 զինվորական, իսկ ավելի քան 40-ը վիրավորվել։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ անօդաչուն արձակվել է Իրաքի տարածքից՝ Իրանի կողմից աջակցվող գրոհայինների կողմից։

Ջո Բայդենի վարչակազմը խոստացել էր պատասխանել այդ հարձակմանը և դիտարկում էր մի քանի տարբերակ, այդ թվում Իրանի տարածքին ուղիղ հարվածը։ Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը, այս տարբերակը առաջնային չի եղել, քանի որ սպառնում էր ընդլայնել հակամարտությունը։

Հունվարի 30-ի երեկոյան Բայդենը հայտարարել էր, որ խորհրդականների հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացրել պատասխանի մասին, որը չի հանգեցնի հակամարտության հրահրմանը:

Լուսանկարը՝ արխիվային/theaustralian.com.au-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter