
Մոլդովան մինչև 2030 թվականը կարող է ավարտել ԵՄ-ին անդամակցության բանակցությունները
Մոլդովան Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները կարող է ավարտել երկրի նախագահ Մայա Սանդուի նախանշած ժամկետից՝ 2030 թվականից շուտ։ Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ մոլդովական Rlive հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։
«Այս տարի շատ կարևոր է հանրաքվե անցկացնել, վերջակետ դնել այդ վեճին և բոլոր ուղղություններով սկսել բանակցային գործընթացը։ Պետք չէ ուղենիշ վերցնել 2030 թվականը։ Ես կարծում եմ, որ մենք հնարավորություն և պարտավորություն ունենք ամեն ինչ անելու՝ ԵՄ-ին անդամակցության պահն ավելի մոտեցնելու համար։ Ես նույն միտումն եմ զգում նաև ուկրաինացի գործընկերների կողմից»,- ասել է Գրոսուն։
Նրա խոսքով՝ Մոլդովան պետք է օգտվի ի հայտ եկած «հնարավորությունների պատուհանից»։ Գրոսուն կարծում է, որ Մոլդովայի և Ուկրաինայի հարցում բանակցային գործընթացը կընթանա «նախկինում կիրառված ձևաչափով»:
2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշել էր ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն առաջարկել էր հանրաքվե անցկացնել այդ հարցի շուրջ և այն համատեղել 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ։
Մոլդովայի ռուսամետ ընդդիմությունը դեմ է նախագահի այս առաջարկին։ Նրանք դեմ են արտահայտվում Եվրամիության հետ Քիշնևի մերձեցմանը, կողմ են Մոսկվայի հետ հարաբերությունների խորացմանը և չեն ցանկանում օգնել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում։
Լուսանկարը՝ euneighbourseast.eu-ից
Մեկնաբանել