HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի ԿԲ նախագահը հրաժարական է տվել

Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Գայե Էրքանը հրաժարական է տվել։ Ըստ որոշ աղբյուրների՝ այն կապված է կոռուպցիոն մեղադրանքների հետ: Էրքանը ազատման մասին դիմումը փետրվարի 2-ին ուղարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ 

Էրդողանը ԿԲ նոր ղեկավար է նշանակել նրա նախկին տեղակալ Ֆաթիհ Քարահանին, ով նախկինում աշխատել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում ու եղել Amazon-ի գլխավոր տնտեսագետը:

Հաֆիզե Գայե Էրքանը նախկինում երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում և աշխատել ամերիկյան այնպիսի բանկերում, ինչպիսիք են Goldman Sachs-ը, Marsh McLennan-ը և First Republic Bank-ը:

Նա դարձել էր Թուրքիայի Կենտրոնական բանկի առաջին կին ղեկավարը և, կառույցը գլխավորելով 2023 թվականի ամռանից, սկսել էր կտրուկ բարձրացնել առանցքային տոկոսադրույքը՝ բարձր գնաճի դեմ պայքարի համար։

Վերջին անգամ բանկը տոկոսադրույքը բարձրացրել էր հունվարի վերջին՝ սահմանելով այն 45%: Նախկինում Էրդողանը երկար տարիներ հանդես էր գալիս ֆինանսական նման քաղաքականության դեմ։

Էրքանի հրաժարականին նախորդել էին թուրքական ԶԼՄ-ներում երկրի ԿԲ նախագահի կողմից նեպոտիզմի դրսևորումների մասին հաղորդագրությունները։ Ինչպես նշվում էր, նրա հայրը Թուրքիայի կենտրոնական բանկի հաշվին իր տրամադրության տակ ուներ գրասենյակ, ծառայողական մեքենա և թիկնազոր: Բացի այդ, ինչպես գրում էին ԶԼՄ-ները, Էրդողանին զայրացրել է Hürriyet թերթին Էրքանի հարցազրույցը, որտեղ նա պատմել էր, որ կրկին բնակություն է հաստատել իր ծնողների մոտ, քանի որ չի կարողացել բնակարան գտնել Ստամբուլում՝ բնակարանների բարձր վարձավճարների պատճառով:

Հրաժարականի դիմումի մեջ Հաֆիզե Գայե Էրքանը դժգոհել էր, որ «վերջին շրջանում իր դեմ լայնածավալ արշավ է կազմակերպվել՝ իր հեղինակությանը վնաս հասցնելու համար»: Որոշելով թողնել ԿԲ ղեկավարի պաշտոնը՝ նա, ըստ իր պնդման, փորձում է «կանխել իր ընտանիքին և մեկուկես տարեկան երեխային հասցվող վնասը»։

Լուսանկարը՝ IHA File Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter