HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին կմասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից

Կրթության ազգային ինստիտուտում այսօր մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման 2012 թ. ծրագիրը, որն ամեն տարի կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

«Նախարարության գերակայություններից մեկն է մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարումը և սպասարկումը: Հայկական գաղթօջախներում կրթական գործընթացի կազմակերպման աշխատանքը հիրավի ծանր է. այն պահանջում է գործընկերության լայն դաշտ մեր հայրենակիցների հետ»,- ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով, վերջին շրջանում սփյուռքի հայկական դպրոցների առջև ծագում են նոր մարտահրավերներ, որոնք երբեմն ոչ ավանդական լուծումների կարիք ունեն: Մասնավորապես, Մերձավոր Արևելքի մեծաքանակ հայկական համայնքն այսօր, առավել քան երբևէ, ունի հայապահպանության խնդիրներ, որոնք կարիք ունեն նոր մոտեցումների, պետական առավել մեծ ուշադրության:

«Նախարարությունը պատրաստակամ է բավարարել ձեր կրթական կարիքները ոչ միայն վերապատրաստումների, այլև ուսումնակրթական նոր նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ հայալեզու կրթական բովանդակությունը տեղ հասցնելու միջոցով»,- դիմելով ուսուցիչներին՝ ասել է Արմեն Աշոտյանը:

Այս տարի ծրագրին կմասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից' Ռուսաստան' 16, Եգիպտոս' 1, ԱՄՆ' 5, Ավստրալիա' 3, Աբխազիա' 8, Լիբանան' 5, Մեծ Բրիտանիա' 5, Սիրիա' 17, Վրաստան' 5, Ուկրաինա' 2, Ֆրանսիա' 1:

Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, դպրոցների կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման:

Այս տարվա ուսումնական ծրագրի առանձնահատկությունն այն է, որ շեշտը դրվել է պրակտիկ պարապմունքների վրա: Նկարչության մեթոդիկայի դասընթացները կկազմակերպվեն Գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ ժողովրդական արվեստների ու արհեստների ուսուցումը՝ Գյումրիի «Ընտանիք» կենտրոնում: Բոլոր խմբերի ուսուցիչների համար վարպետաց բաց դասեր կկազմակերպվեն «Տաթև» գիտակրթական համալիրում:

Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս տարի վերապատրաստման մեջ ընդգրկված են ավելի մեծ թվով սփյուռքի մասնագետներ և ստեղծագործող ուսուցիչներ, որոնք իրենց փորձը կներկայացնեն սփյուռքի այլ ուսուցիչներին:

Վերապատրաստման գործընթացն ունի ոչ միայն ուսումնական, այլև հայրենաճանաչության բաղադրիչ: Այս տարի նույնպես ուսուցիչները հնարավորություն կունենան այցելել մի շարք թանգարաններ, շրջայցեր կատարել Խոր Վիրապում, Նորավանքում, Սևանում, Էջմիածնում, Գեղարդավանքում:

Սփյուռքահայ ուսուցիչների ծրագիրը գործում է 2000 թ.-ից: 2002 թ.-ից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետբյուջեից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter