
Հովիկ Աբրահամյանին ու կնոջը կարող են նախանձել նույնիսկ լավագույն ֆերմերները
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն և իր կինը` Ջուլիետա Աբրահամյանը, 2011թ. գյուղմթերքների իրացումից միլիոնների եկամուտ են կուտակել: Աբրահամյան ամուսիններին կարող են նախանձել նույնիսկ ամենահաջողակ ֆերմերները, էլ չասենք վարկերի տակ կքած գյուղացիների մասին, որոնք, նույնպես զբաղվելով հողագործությամբ, հայտնվել են անելանելի վիճակում:
2011թ. ԱԺ նախագահը ստացել է 43 միլիոն 671 հազար 30 դրամ եկամուտ, որից 40 միլիոն դրամը գյուղմթերքների իրացումից է կուտակել, իսկ 3 մլն 671 հազար 30 դրամը աշխատավարձն է:
Հովիկ Աբրահամյանը, հակառակ իր ունեցած «համեստ» եկամուտներին, 2011թ. ունեցել է 290 մլն դրամ և 2 միլիոն 50 հազար դոլար:
Կինը` Ջուլիետա Աբրահամյանը, ավելի հարուստ է, քան ամուսինը: Նա նշված տարում ունեցել է 300 միլիոն դրամ, ինչպես նաև 2 մլն 900 հազար դոլար: Ջուլիետա Աբրահամյանի եկամուտները նույնպես գերազանցում են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող ամուսնու եկամուտները: Դարձյալ գյուղմթերքների իրացումից Ջուլիետա Աբրահամյանը ստացել է 45 մլն դրամի եկամուտ:
Համեմատության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանի 2009թ. եկամուտը կազմել է 29 մլն 499 հազ 760 դրամ, իսկ 2010-ին` 25 մլն 515 հազար 220 դրամ:
Թե ինչ ցանքատարածությունների մշակությամբ են զբաղվում ամուսինները, անհայտ է, սակայն փաստ է, որ գյուղացիները նրանց խորհրդատվության կարիքն ունեն, որպեսզի հողից մի քիչ եկամուտ ստանան և օր առաջ ազատվեն վարկային բեռից:
Լուս.՝ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքի էջից
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել