
Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորած կառավարության հրաժարականը։ Այդ մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան՝ որոշում եմ. ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Ռոման Սկլյարի վրա»,- ասված է Տոկաևի հրամանագրում։
Միևնույն ժամանակ, կառավարության անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:
Սկլյարը նախկինում զբաղեցնում էր Ղազախստանի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Մինչ այդ վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր Սմաիլովը։ Տոկաևը վարչապետի պաշտոնում նրան նշանակել էր 2022 թվականի հունվարին և վերանշանակել 2023 թվականի մարտին՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրություններից հետո։
Ավելի վաղ Տոկաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահը փետրվարի 7-ին կանցկացնի կառավարության ընդլայնված նիստ, որի ընթացքում կամփոփվեն անցած տարվա ընթացքում այդ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները: Ընդ որում, որոշ տեղական փորձագետներ չէին բացառել, որ պետության ղեկավարը կարող է կադրային փոփոխություններ կատարել կառավարությունում ընդհուպ մինչև վարչապետի փոփոխություն:
Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել