HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 17-ի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) այսօրվա դրությամբ հաջողվել է ոչնչացնել ՀԱՄԱՍ խմբավորման 24 գումարտակներից 17-ը: Նման հայտարարությամբ Թել Ավիվում հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Նախ, պետք է հասնել ՀԱՄԱՍ-ի գումարտակների թվի կրճատմանը։ Այսօրվա դրությամբ մենք ոչնչացրել ենք 24 գումարտակից 17-ը։ Մնացած գումարտակների մեծ մասը գտնվում է Գազայի հատվածի հարավում և Ռաֆահում (քաղաք Եգիպտոսի հետ սահմանին՝ խմբ.), և մենք հոգ կտանենք նաև նրանց մասին»,- Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերել է i24 News առցանց պարբերականը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակում նշել էին, որ ՀԱՄԱՍ-ի շարքերում, Իսրայելի դեմ պատերազմի մեկնարկի պահին, կռվում էր 30 000 մարդ, որոնք բաշխված էին 5 բրիգադներում։ Դրանք էլ իրենց հերթին բաղկացած էին 24 գումարտակից կամ 140 վաշտից: Յուրաքանչյուր գումարտակում, ըստ իսրայելական կողմի, կար ավելի քան 1000 մարդ։

Նեթանյահուն հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի գումարտակների վերացումից հետո Իսրայելի զինվորականները պետք է «մաքրիչ գործողություններ» իրականացնեն։

«Երրորդ՝ անհրաժեշտ է չեզոքացնել ստորգետնյա թունելները, ինչը մեր ուժերը պարբերաբար անում են Խան Յունիսում և Գազայի հատվածի բոլոր մասերում, իսկ դա  առավել շատ ժամանակ է պահանջում»,- շարունակել է Նեթանյահուն։ 

Նա հերթական անգամ ընդգծել է, որ Իսրայելը չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակների իրագործմանը, որոնց թվում են ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, գրոհայինների կողմից առևանգված բոլոր մարդկանց վերադարձը և «խոստման ստացումը, որ Գազայի հատվածն այլևս սպառնալիք չի ներկայացնի Իսրայելին»:

Լուսանկարը՝ Jacquelyn Martin/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter