
Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնել են, որ առգրավել են Ուկրաինայից Ռուսաստան մեկնող պայթուցիկով բեռը. կասկածվում են նաև ՀՀ քաղաքացիներ
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ առգրավել է մի քանի պայթուցիկ սարքեր և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսվում էր տեղափոխել Ռուսաստանի տարածք: Այդ մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Վրացական կողմի հաղորդագրության համաձայն՝ որպես պայթուցիկ նյութերի և սարքերի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղ օգտագործվել է էլեկտրամոբիլի երկու մարտկոց: Դրանցում եղել է 6 պայթուցիկ սարք։
«Պարզվել է, որ պայթուցիկ սարքերը պարունակում են ռազմական նշանակության C-4 պլաստիկ պայթուցիկ նյութ, որը հնարավոր է ակտիվացնել էլեկտրադետոնատորի և հատուկ ժամաչափի միջոցով: Պայթուցիկ նյութի ընդհանուր քաշը 14 կիլոգրամ է: Բեռնարկղերում տեղադրվել են նաև 6 միավոր դետոնատորներ և 6 միավոր հատուկ բանալիներ։ Նույն թվով էլեկտրոնային ակտիվացման ժամաչափեր են տեղադրվել պայթուցիկ սարքի բոլոր 6 առանձին տուփերում, որոնցում ակտիվացման ժամանակն արդեն սահմանված էր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ պայթուցիկը հունվարի 19-ին Օդեսայից Վրաստան է բերվել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով Ուկրաինայի քաղաքացուն պատկանող մինիվենով: Ավտոմեքենան Վրաստանի տարածք է մտել «Սարփի» անցակետով։ Վրացական կողմը պնդում է, որ պայթուցիկը նախատեսվում էր տեղափոխել Վորոնեժ։ Այնուհետև, պատվիրատուի պահանջով, «գործընթացին մասնակցող անձինք» փորձել են դուրս բերել 3 պայթուցիկ սարքերով տարաներից մեկը, իսկ երկրորդ տարան «մնացել է Թբիլիսիի կոնկրետ հասցեում»: Վրաստանի հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները ձերբակալել են մեքենան ու առգրավել պայթուցիկները, երբ այն պետք է անցներ վրաց-ռուսական սահմանը։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում հայտարարել են, որ պայթուցիկի տեղափոխումը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը 2020 թվականին «Ժողովրդի ծառա» կուսակցությունից առաջադրվել էր Օդեսայի քաղխորհրդի պատգամավորի թեկնածու: Ինչպես նշվում է վրացական կողմի հաղորդագրության մեջ, պայթուցիկի ուղարկմանը մասնակցել է Վրաստանի 7, Ուկրաինայի` 3 և Հայաստանի 2 քաղաքացի:
Վրացական հատուկ ծառայությունները նաև տեսանյութ են հրապարակել, որում, ինչպես պնդում են, ցուցադրված է առգրավված պայթուցիկը:
Լուսանկարը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության
Մեկնաբանել