Առաջարկվում է սահմանել պետական տուրք` ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
ԱԺ նիստում այսօր քննարկվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել պետական տուրք ոսկու, պլատինի ձուլակտորների, ինչպես նաեւ պալադիումի արտահանման նպատակով տրվող լիցենզիաների համար: 2023 թվականի ցուցանիշներով զգալիորեն աճել է վերոնշյալ ապրանքների արտահանումը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Զեկուցողի գնահատմամբ առաջին անգամ մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառությունը կանցնի Համախառն ներքին արդյունքի 110 տոկոսը, իսկ ՀՀ արտաքին առեւտրի բացասական սալդոն կլինի -2 տոկոսից 0 միջակայքում: «Դա ցույց է տալիս, որ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք վարում ենք, մեզ բավականին արագ մոտեցնում է Կառավարության սահմանած թիրախին` ապրանքների եւ ծառայությունների արտահանման ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 60 տոկոսին»,- նշել է նախարարը:
«Հայաստանում ոսկու ձուլակտորներ չեն արտադրվում»,- ընդգծել է Վահան Քերոբյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին: Նախարարը հավելել է, որ մեր երկրի ոսկու հանքերից արտահանվում է անմշակ ոսկի: Նշվել է, որ Հայաստանում մոտ 10 ընկերություն զբաղվում է ոսկու, պլատինի եւ պալադիումի արտաքին առեւտրով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:
Մեկնաբանել