
Կոչ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ մուտքի փաստաթղթեր չտալ Հայրապետյանին
Քիչ առաջ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններին է ուղարկվել «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված քաղաքացիական հասարակության կոչ-հայտարարությունը, որը ստորագրել է ավելի քան հազար քաղաքացի: Քվեարկությունն անցկացվել է ֆեյսբուքում: Ստորև ներկայացվում է կոչ-հայտարարությունը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը (հանրության մեջ առավել հայտնի Նեմեց Ռուբո քրեական մականվամբ) իր բազմամյա գործունեության ընթացքում համամարդկային արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ անթաքույց հակակրանքի բազմակի դրսևորումներով հանրորեն փաստել է, որ հանդիսանում է բռնության և ատելության քարոզիչ:
Նրա և նրա կողմից կազմակերպված թիկնազորի, իսկ մեր համոզմամբ՝ դրա անվան տակ հանդես եկող հրոսակախմբերի անօրինություններին և հանցագործություններին զոհ են դարձել բազմաթիվ մարդիկ: Սակայն բոլոր այս հանցագործությունները կոծկվել են ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից: Նա ամբողջությամբ անպատժելիություն է վայելել Հայաստանում, քանի որ հանդիսանում է կեղծիքներով վերընտրվող ՀՀԿ հիմնասյուներից մեկը:
Մեր համբերության բաժակը լցվել է վերջին իրադարձությունների արդյունքում, երբ 3 երիտասարդներ նրան և նրա ընտանիքին պատկանող ռեստորանում նրան և նրա ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հրոսակների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել, որի արդյունքում երիտասարդներից մեկը՝ Վահե Ավետյանը, մահացել է:
Դիմելով Ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին պաշտոնապես և դրանց աշխատակիցներին անձնապես, խնդրում ենք.
- Մերժել Նեմեց Ռուբոյի՝ Ձեր պետության մուտքի փաստաթղթեր ստանալու դիմումները,
- Նման մուտքի փաստաթղթերն արդեն իսկ թողարկված լինելու դեպքում դրանք համարել անվավեր,
- Չհրավիրել նրան Ձեր միջոցառումներին, չմասնակցել նրա մասնակցությամբ կազմակերպած միջոցառումներին և չընդունել ինչպես նրա, այնպես էլ այն բոլոր հրավերները, որոնց հասցեն կլինեն Նեմեցին և նրա նմաններին պատկանող տարածքները, ինչպիսին «Հարսնաքարն» է՝ վերջին հանցագործության վայրը:
Սույն խնդրանքով դիմելով Ձեզ՝ լիահույս ենք, որ համամարդկային արժեքների հավատարմությանը համերաշխությամբ Դուք չեք մերժի մեր խնդրանքը, և սույն անձնավորությանը մուտքի փաստաթղթերի մերժմամբ կհավաստեք Ձեր հավատարմությունը Ձեր կողմից ներկայացվող պետությունների հռչակած արժեքներին և համերաշխությունը մեր ժողովրդին:
Մենք չենք դիմում Ձեզ ոճրագործներին արդարադատությանը հանձնելու գործում մեր երկրի ներքին գործերին միջամտելու խնդրանքով և ոչ էլ դրա կարիքն ունենք բնավ: Մենք ինքներս ենք ի զորու նրա և նրա նմանների նկատմամբ արդարադատություն իրականացնել արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Մենք Ձեզ դիմում ենք մեր Սահմանադրությամբ հռչակված արժեքներին համերաշխությամբ փակել Նեմեց Ռուբոյի և նրա նմանների՝ մեր պետության իշխանազորության տարածքից ճողոպրելու հնարավորությունը:
Մենք հռչակում ենք մարդու կյանքի, նրա իրավունքների և նրա արժանապատվության դեմ ցանկացած ոտնձգության դեմ բացարձակ անհանդուժողականություն: Ոչինչ չի մոռացվելու, ոք չի մոռացվելու:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել