Ե՞րբ արհեստական բանականությունը կխոսի հայերեն
Ե՞րբ արհեստական բանականությունը կխոսի հայերեն։ Այս հարցը նախորդ շաբաթ անցկացված «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովի ընթացքում «YerevaNN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանին ուղղեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Խաչատրյանը շեշտեց՝ մոտ ապագայում GPT 4-ի մակարդակի հայկական լեզվական մոդելներ ակնկալել պետք չէ, բայց աշխատանքներ տարվում են:
«Գերհամակարգիչը, որ սպասում ենք համալսարանում (Երևանի պետական համալսարան, հեղ․), հնարավորություն կտա մի ամսվա ընթացքում ունենալ ինչ-որ մոդել, որը հայերեն խոսում է, ինչ-որ հարցերի պատասխանում է։ Թե ինչպես հասնել GPT-4-ի մակարդակին, ես չունեմ պատասխանը»,- ասաց Խաչատրյանը։
Կառավարությունը նախատեսում է 2024 թվականին արդիականացնել արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնը։ Խաչատրյանի խոսքով՝ նախագիծն ընթացքում է, ֆինանսավորումն արդեն կա։ Ֆինանսների նախարարությունն էլ հայտնում է, որ գերհամակարգիչ ձեռք բերելու համար 3 միլիարդ 434 միլիոն դրամ կծախսվի։
Գերհամակարգչի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ «Հետքը» զրուցել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) փոխնախարար Գևորգ Մանթաշյանի հետ։ Մեզ հետ զրույցում փոխնախարարը հայտնեց՝ ԱՄՆ իշխանությունները տեխնոլոգիան կարևոր են համարում, արտահանելու թույլտվություն պիտի տան։
«Առևտրային խմբեր կան, որոնք ձևավորվել են շատ տարիներ առաջ։ Անկախությունից հետո Հայաստանը հայտնվել է D1 խմբում, որտեղ գրեթե բոլոր նախկին խորհրդային հանրապետություններն են, Իսրայելը, ԱՄԷ-ն և այլն։ Այս խմբի երկրների համար արտադրանքը սահմանափակումների մեջ է ներառված»,- բացատրում է փոխնախարարը։
ԱՄՆ առևտրի դեպարտամենտը որոշ դեպքերում թույլատրում է տեխնոլոգիայի արտահանումը, եթե դիմում ես, ներկայացնում՝ ինչի համար ես ձեռք բերում։ Մանթաշյանը շեշտում է՝ ազատ վաճառքի պրոդուկտ չէ, հատուկ գործընթաց կա։
«Մենք փաստաթղթերի մշակման փուլում ենք, որը հնարավորություն կտա Երևանի պետական համալսարանի ներսում տվյալների փոքր կենտրոն ստեղծել։ Զուգահեռաբար, NVIDIA-ն ԱՄՆ կառավարությունից արտահանման լիցենզիա է խնդրել»,- համաժողովի ընթացքում հայտնեց Խաչատրյանը։
Հրանտ Խաչատրյանի կարծիքով՝ ծրագիրն այս ամռան վերջում քիչ թե շատ պատրաստ կլինի։ Ասում է՝ արդեն կարող ենք սկսել այն ընդլայնելու մասին մտածել:
«Մենք պատրաստվում ենք օգտագործել այն հետազոտությունների, երկրում ակադեմիական կարողությունների զարգացման համար, որ ունենանք բավականաչափ մարդիկ, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել այս GPU-ները (Graphics processing unit) և լեզվական մոդելներ պատրաստել տարբեր նպատակների համար»,- ասաց Խաչատրյանը:
ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մանթաշյանն էլ շեշտում է՝ այսօր ամենաթանկ բանը սահմանափակման տակ գտնվող տեխնոլոգիան չէ, տաղանդն է, մարդիկ են։
«Ինչ-որ պահի գուցե դա էլ կարևոր չլինի, դեռ դա է կարևորը»,- ասում է փոխնախարարը։
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով
Մեկնաբանել