Արմավիրում ՏԻՄ ընտրություններ էին. օրը տոնական էր միայն Աղավնատուն գյուղում
Երեկ Արմավիրի մարզի Աղավնատուն, Մրգաշատ, Առատաշեն, Փշատավան, Ջրարբի, Նորավան, Այգևան, Այգեկ և Գայ գյուղերում համայնքապետի ընտրություններ էին:
Աղավնատուն գյուղում գրանցված էր մեկ թեկնածու` Աշոտ Գրիգորյանը: 2507 ընտրողից ընտրությանը մասնակցել էր 1131-ը, որից թեկնածուին կողմ էր քվեարկել 1100-ը, դեմ` 13-ը: Գյուղի գործող համայնքապետ Աբիսողոմ Մաթևոսյանը մի քանի անգամ ընտրվելուց հետո այս ընտրություններին որոշել էր չառաջադրվել:
Նշենք, որ երեկ առավոտից գյուղում երգ-երաժշտության էր հնչում, և ընտրական օրը վերածվել էր տոնի: Առավոտյան գյուղի ընտրատեղամասերը բացվել են դհոլ-զուռնայի հնչյունների ներքո: Կեսօրին լարախաղաց էր ժամանել գյուղ, իսկ երեկոյան գյուղի մշակույթի տանը կից գործող երգի, պարի խմբակները հանդես էին եկել համերգային ծրագրով: Երբ ընտրատեղամասերում հաշվարկն ավարտվեց, նորընտիր համայնքապետի անունն ազդարարվեց հրավառությամբ:
Մրգաշատում վերընտրվել է գործող համայնքապետ Գևորգ Դանիելյանը՝ հավաքելով 1244 քվե: Նրա միակ մրցակից Լավրենտ Մարտիրոսյանին ընտրել է 1169 մրգաշատցի:
Առատաշեն համայնքում գործող համայնքապետ Հովհաննես Անդրեասյանը մոտ 350 ձայնի տարբերությամբ պարտվել է իր մրցակցին: Նա ստացել է 530 քվե, իսկ մրցակից Վահրամ Հարությունյանը` 869:
Սահմանամերձ Փշատավան գյուղում թեկնածուները երեքն էին` գործող համայնքապետ Ռաֆիկ Ստեփանյանը, ինչպես նաև Վահան Ալեքսանյանն ու Վարուժան Եղիազարյանը: Գործող համայնքապետը մոտ 200 ձայնի առավելությամբ վերընտվել է:
Ջրարբի գյուղում միակ թեկնածուն գործող համայնքապետն էր: Նա վերընտրվել է քվեների 671 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ:
Իր պաշտոնում վերընտրվել է նաև Նորավանի համայնքապետ Արթուր Միքայելյանը: Նրան ձայն է տվել 464 ընտրող, իսկ մրցակից Անդրանիկ Արշակյանին` 152:
Այգևանում էլ 442 քվեով վերընտրվել է գործող համայնքապետ Սպարտակ Էքիզյանը:
Այգեկում թեկնածուները երկուսն էին, որոնցից մեկը կին էր` Գոհար Հովհաննիսյանը: Վերջինիս ընտրել է ընդամենը 35 ընտրող: Համայնքապետի պաշտոնում 543 քվեով վերընտրվել է Վարուժան Աբրահամյանը:
Ավելի մեծ պայքար էր սպասվում Գայ Գյուղում, քանի որ առաջադրվել էր 4 թեկնածու: Ստացած ձայների ճնշող առավելությամբ Գայում վերընտրվել է Սեյրան Մարկոսյանը` հավաքելով 1158 քվե: Նշենք, որ մյուս թեկնածուներից իր հավաքած ձայներով համայնքապետին մոտ է եղել Գևորգ Սարգսյանը, ով ստացել է 322 քվե:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել