HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ-ների հայտարարություն-պահանջը՝ երիտասարդության ոլորտում Երևանի քաղաքային իշխանությունների անգործության վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն-պահանջ են ներկայացրել երիտասարդության ոլորտում Երևանի քաղաքային իշխանությունների անգործության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև.

«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք Երևանի քաղաքապետարանի և, մասնավորապես՝ Երևանի քաղաքային իշխանությունների միտումնավոր անգործությունը երիտասարդության ոլորտում և խտրական վերաբերմունքը համայնքում գործող երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ, և կոչ ենք անում անհապաղ լուծել ոլորտում կուտակված առաջնահերթ խնդիրները։ 

Երևանում երիտասարդների հետ աշխատանքի հիմնական պատասխանատվությունը կրում է Երևանի քաղաքապետարանը և այն պարտավոր է պատասխանատու լինել իր մունիցիպալ իրավասության տարածքում բնակվող երիտասարդների զարգացման, կրթության  և բարեկեցության համար։ Այս պարտավորությունը սահմանված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և հանդիսանում է Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունը։ Այս առումով Երևանի քաղաքապետարանը պարտավոր է լինել մայրաքաղաքի երիտասարդ բնակչությանն աջակցող, ներգրավող և հզորացնող առանցքային կառույց՝ երիտասարդներին առաջարկելով որակյալ, հասանելի ու թիրախային ծրագրեր և ծառայություններ։

Այդուհանդերձ, 2022 թվականից ի վեր Երևանի քաղաքային իշխանությունները որդեգրել են ոլորտի համար վնասաբեր քաղաքականություն և իրենց ապակառուցողական և անպատասխանատու մոտեցումներով վիժեցնում են մայրաքաղաքում երիտասարդության ոլորտի իրական բարեփոխման որևէ փորձ և հնարավորություն։ Մասնավորապես, վերջին 2 տարիների ընթացքում քաղաքային իշխանությունների կողմից կասեցվել են 2018-2021թթ. ընթացքում մեկնարկած ոլորտի բոլոր կարևոր բարեփոխումները և ապօրինի դադարեցվել են Երևանի ամենամյա և հնգամյա զարգացման ծրագրերով նախատեսված երիտասարդական ծրագրերն ու միջոցառումները։ 

Ստորև ներկայացնում ենք երիտասարդության ոլորտում Երևանի քաղաքապետարանի միտումնավոր անգործության մի քանի օրինակներ՝ 

  1. 2022-2023թթ. Երևանի զարգացման ծրագրով նախատեսված երիտասարդության ոլորտին առնչվող որևէ միջոցառում չի իրականացվել, իսկ երիտասարդական ծրագրերի համար նախատեսված բյուջեն չի օգտագործվել առանց որևէ հիմնավորման։
  2. 2024 թվականի Երևանի բյուջեով երիտասարդական ծրագրերի և միջոցառումների իրականացման համար նախատեսվել է 0 դրամ։ 
  3. Չնայած Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում երիտասարդության հարցերով զբաղվող առանձին ստորաբաժանում ստեղծելու ՀԿ-ների հորդորին՝ 2022թ.-ից Երևանի քաղաքապետարանի կառուցվածքում արհեստականորեն ձևավորվել է սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը։ Այն, դժբախտաբար, որևէ կերպ չի զբաղվում երիտասարդների հարցերով և չունի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ։ Լրջագույն խնդիր է այս ստորաբաժանման կառուցվածքում գործող երիտասարդության հարցերի ոլորտի առարկայական և նպատակային անհամատեղելիությունը սպորտի ոլորտի հետ, ինչն էլ արհեստականորեն խոչընդոտում է երիտասարդության ոլորտի կառավարմանը, համակարգմանն ու արդյունավետ գործունեությանը:
  4. 2022 թվականից քաղաքային իշխանությունների որոշմամբ դադարեցվել է Երևանի քաղաքապետի N1651-Ն որոշման համաձայն ձևավորված Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհրդի գործունեությունը, որի աշխատանքի արդյունքում Երևան համայնքն իր պատմության մեջ առաջին անգամ համայնքի բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացրեց երիտասարդական ծրագրերի իրականացմանը։ Խորհուրդը երբևէ չի ներգրավվել որևէ քաղաքական գործընթացում, բայց խորհրդի գործունեությունը դադարեցվել է հենց քաղաքական նկատառումներից ելնելով։ Երևանի ավագանու ընտրություններից և քաղաքային իշխանության ձևավորումից ընդամենը 2 ամիս առաջ, Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց քաղաքապետին կից նոր «Երիտասարդության հարցերի խորհրդի» ձևավորման մասին։ Ըստ «Ականատես» դիտորդական նախաձեռնության ընտրությունների նախընտրական միջավայրի վերաբերյալ տեղեկանքի՝ ընտրությունների նախաշեմին որոշվել է տվյալ խորհուրդը ծառայեցնել որպես քարոզչագործիք: Այս խորհուրդն այդպես էլ չձևավորվեց։ 
  5. 2022 թվականից դադարեցվել է Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման ամենամյա միջոցառման իրականացումը։ 
  6. 2022 թվականից դադարեցվել է Երևանի երիտասարդների նորարարական գաղափարների ֆինանսավորման մրցույթը։ 
  7. Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրում նշվում է, որ Երևան համայնքի կողմից յուրաքանչյուր տարի իրականացվում են երիտասարդական միջոցառումներ, որոնք միտված են երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, համայնքի երիտասարդական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանն ու խրախուսմանը, Երևան համայնքի երիտասարդների հասարակական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին մասնակցության խրախուսմանը և այլն։ Սա բացարձակ ապատեղեկատվություն է, քանի որ Երևանի քաղաքապետարանը  երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը կամ երիտասարդների հասարակական և քաղաքացիական մասնակցության խրախուսմանն ուղղված որևէ ծրագիր չի իրականացրել։ Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրով նախատեսվել է իրականացնել 3 միջոցառում, սակայն Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով դրանց իրականացման համար նախատեսված է 0 դրամ։ 
  8. Կասեցվել է 2020 թվականին ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքում Երևանում գործող արտադպրոցական կրթօջախների գործունեության բարեփոխման գործընթացը, որով նախատեսվում էր կարգավորել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների և մշակույթի տների գործունեությունը և դրանց բազայի վրա հիմնել երիտասարդական կենտրոններ։ Այս կազմակերպությունների շենքերի և ենթակառուցվածքների մեծ մասը շարունակում է գտնվել անմխիթար և սանիտարահիգիենիկ վտանգավոր վիճակում, կենտրոններում չկան տարրական սարքավորումներ, իսպառ բացակայում են գործունեության ձևաչափերն ու կանոնակարգերը, մարդկային ռեսուրսները երբևէ չեն վերապատրաստվել և անարդյունավետ է օգտագործում կենտրոնների բյուջեն։ 
  9. Երևանում չի գործում Երևանի քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող որևէ անվճար երիտասարդական կենտրոն, որը ծառայություն կմատուցի 15-ից 25 տարեկան երիտասարդներին։ Երևանում գործող մասնավոր երիտասարդական կենտրոնները չեն համագործակցում Երևանի քաղաքապետարանի հետ և չեն ստանում որևէ աջակցություն։ Երևանի քաղաքապետարանը համայնքում գործող երիտասարդական կազմակերպություններին անվճար հիմունքներով չի տրամադրում որևէ համայնքապատկան տարածք, միչդեռ նախկինում այդ նպատակով տարածք էր առանձնացված Երևանի քաղաքապետարանի Բուզանդ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքում։ 
  10. Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում Երևանում գործող այն երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ, որոնք հրապարակայնորեն քննադատում են Երևանի քաղաքային իշխանության գործողությունները։ Քաղաքական անհասկանալի դրդապատճառներից ելնելով՝ վարչությունը բացառում է մեր գործընկեր «Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի մասնակցությունը երիտասարդության հարցերով քննարկումներին։ Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում կազմակերպության գործունեության համար, իսկ կազմակերպության դեմ հրապարակային ակցիաները սկսել են կրել պարբերական բնույթ։

 

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս հայտարարում ենք, որ միայն ոլորտում կուտակված առաջնահերթ խնդիրները լուծելու դեպքում ենք պատրաստ Երևանի քաղաքապետարանի հետ նստել մեկ սեղանի շուրջ և քննարկել երիտասարդության ոլորտում որևէ համագործակցության հնարավորություն։

 

Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք՝   

  1. Դադարեցնել համայնքային ֆինանսական միջոցների աննպատակային ծախսումը և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով երիտասարդական  ծրագրերի և միջոցառումների համար նախատեսել առնվազն 87 միլիոն ՀՀ դրամ։ 
  2. Կատարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կառուցվածքային փոփոփոխություն և ձևավորել առանձին երիտասարդության հարցերի վարչություն։ Ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու պահանջն առաջացել է ոլորտի դինամիկ զարգացմամբ, իրականացվող և նախատեսվող ծրագրերի արդյունավետ կազմակերպմամբ և նպատակաուղղված է երիտասարդության հարցերի բնագավառում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքին և Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացմանը նպաստելուն: Առանձին վարչության ձևավորումը շատ կարևոր է երիտասարդության ոլորտում Երևանի քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու, տեղական երիտասարդական քաղաքականությունը մշակելու, ինչպես նաև ոլորտի հետագա կառավարումը, համակարգումը և արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։
  3. Վերագործարկել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը՝ համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցման ու խրախուսման, ինչպես նաև քաղաքի կառավարման գործընթացում երիտասարդական կազմակերպությունների և նախաձեռնությունների մասնակցության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Խորհրդի ձևավորման գործընթացում բացառել խորհրդի աշխատանքների քաղաքականացումը։ Ինչպես նախկինում, խորհուրդը պետք է բաղկացած լինի ոլորտի լավագույն մասնագետներից։ 
  4. Վերականգնել Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման ամենամյա միջոցառման իրականացումը։ 
  5. Վերականգնել Երևանի երիտասարդների նորարարական գաղափարների ֆինանսավորման ամենամյա մրցույթի իրականացումը։ Մշակել Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացվող դրամաշնորհների տրամադրման թափանցիկ համակարգ, հստակ չափորոշիչներ և ընթացակարգեր։  
  6. Վերանայել Երևան քաղաքի զարգացման միամյա և հնգամյա ծրագրերում երիտասարդության հարցերին նվիրված բաժինները և յուրաքանչյուր ծրագրի տակ դնել ֆինանսական միջոցներ։ 
  7. Վերադարձնել քաղաքապետարանի ենթակայությանը և բարեփոխման լայնածավալ գործընթացով միավորել Երևանի արտադպրոցական կրթության բոլոր կենտրոնները մեկ ընդհանուր ՀՈԱԿ-ի ներքո՝ բաղկացած այդ թվում թեմատիկ ուղղվածությամբ մասնաճյուղերից՝ ներառյալ աշխատակազմի վերապատրաստման և սաների զարգացման ընդհանուր ծրագրերը։ Ապահովել կենտրոնների շենքային անվտանգ պայմաններ, ներառյալ՝ ամբողջական անթափանց ցանկապատում, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում, գույքի, այդ թվում գործիքների և սարքավորումների համալրում, հաստիքացուցակների վերանայում, այդ թվում՝ արդյունավետության բարձրացման նպատակով դրանց կրճատում։ 
  8. Ստեղծել նոր երիտասարդական կենտրոններ Երևանի այն վարչական շրջաններում, որտեղ չեն գործում արտադպրոցական կամ մշակութային կենտրոններ՝ Արաբկիր, Նուբարաշեն, Դավթաշեն, Նորք-Մարաշ, իսկ Կենտրոն վարչական շրջանում հիմնել երիտասարդական կենտրոնների կառավարման համայնքային կազմակերպություն։ Կենտրոնների գործարկման, կահավորման, կառավարման և բովանդակության ստեղծման լիազորությունները մրցույթով պատվիրակել Երևանում գործող ակտիվ երիտասարդական կազմակերպություններին՝ համապատասխան կառույցի համակարգման և վերահսկման ներքո։
  9. Ստեղծել համայնքային կառույց՝ համայնքի անունից երիտասարդական ծրագրերի և միջոցառումների, տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման, համայնքային երիտասարդական կենտրոնների կառավարման և տեխնիկական ապահովման, երիտասարդական աշխատանքի իրականացման և ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաև տեղական և ﬕջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և երիտասարդական ծրագրերի համար հավելյալ ﬕջոցներ ներգրավելու նպատակով։ Ստեղծել ոչ ֆորմալ կրթության համաքաղաքային հարթակ, ներդնել համայնքային երիտասարդական աշխատողի ինստիտուտ։ 
  10. Բացառել Երևանում գործող հասարական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը։ 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կոչ ենք անում Երևանի կառավարումը ստանձնած անձանց ամբողջությամբ և բազմակողմանի ընկալել Երևան համայնքի՝ երիտասարդների առջև ծառացած հրատապ խնդիրները լուծելու պատասխանատվությունը և անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել։ Պատրաստ ենք մեր փորձառության և հնարավորությունների սահմաններում աջակցել Երևանի քաղաքապետարանին՝ իրականացնելու վերոնշյալ բարեփումները։ 

Մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ նպաստելու որպեսզի քաղաքային իշխանությունները վերադառնան կառուցողական դաշտ և իրականացնեն երիտասարդության ոլորտում օրենքով վերապահված իրենց  գործառույթները»։

  1. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  2. «Երիտասարդները հանուն փոփոխության» Քաղաքացիական հասարակության զարգացման Հն
  3. «Համախմբված երիտասարդական միություն» ՀԿ
  4. «Էկոհաբ» կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամ
  5. «Երիտասարդներն առանց սահմանների» Երիտասարդական ՀԿ
  6. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
  7. «Եվրոպական Ուսանողների Ֆորում Ասոցացիա Երեվան» ՀԿ
  8. «Պանդո» Համայնքային Զարգացման Հասարակական Կազմակերպություն 
  9. «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հկ
  10. «4Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ
  11. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  12. «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
  13. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
  14. «Փինք» իրավապաշտպան ՀԿ
  15. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  16. «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման  ՀԿ
  17. «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ
  18. Ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանց ՀԿ
  19. «ԱրմԷկտիվ - Երիտասարդական Կենտրոն» ՀԿ
  20. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Հայտարարությունը բաց է միանալու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter