HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Փետրվարի 7-ին  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝  խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ ստանում են համարժեք արձագանք՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի ու հստակ հանձնառության ցուցաբերման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը: 

Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ կողմից կարևորվող չորս՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքներն իրենց լավագույն արտացոլումն են ստացել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ներկայացվել և արժանացել է միջազգային գործընկերների ուշադրությանը։ 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականների հարցերին՝ տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների ու կարիքների հասցեագրման, ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև, այդ թվում՝ խորհրդարանականների մակարդակում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ձևաչափում փոխգործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայունությանն աջակցելու նպատակով և ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության ապահովման»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter