HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի 2019-2023 թթ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի 2019-2023 թվականների գործունեության հաշվետվությունը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մրցակցային միջավայրի զարգացման, սպառողների շահերի պաշտպանության, հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել հանձնաժողովի կարգավորման ոլորտներում իրականացված բարեփոխումների, նոր կարգավորումների մշակման, շուկայի կայունությանը և հակամրցակցային իրավիճակների առաջացման ռիսկերի նվազեցմանն ուղղված ճգնաժամային կառավարման, ներքին ռեսուրսների, իրավական բազայի զարգացման վերաբերյալ:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ 2018 թվականից առաջ պետական մարմինների հակամրցակցային գործողությունները քննության առարկա չէին դառնում հանձնաժողովի կողմից, վերջին տարիներին այդ ուղղությամբ ևս քննություն է իրականացվել: Ըստ նրա, սա կարևոր արձանագրում է, քանի որ բիզնեսը պետք է նաև պաշտպանված զգա պետության կողմից մրցակցային գործունեության հնարավոր խախտումներից:

Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, 2019 թվականից հանձնաժողովը նոր ֆունկցիա է իրականացնում, որն ուղղված է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկայի ուսումնասիրությանը: «Էությունը կայանում է նրանում, որ մենք ամբողջությամբ ուսումնասիրում ենք կոնկրետ ապրանքային շուկա, հայտնաբերում ենք դրա մուտքի խոչընդոտները՝ իրավական, տնտեսական առումով, և առաջարկություն ենք ներկայացնում քաղաքականություն մշակող մարմիններին, թե ինչ է պետք փոխել, որպեսզի շուկան լինի ավելի մրցակցային և ավելի զարգացող»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ 2023 թվականին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ ICPEN-ի անդամ:

Անդրադառնալով հաշվետվության առանձին կետերին՝ վարչապետն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության պաշտպանության գնահատման գործիքակազմի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև շուկայում առկա սննդամթերքի արտադրության ստանդարտի խնդրին և նշել, որ Կառավարությունը պետք է կրի պատասխանատվություն, թե ինչ մթերք է վաճառվում մարդկանց, այսինքն՝ պետք է մակնշում դնել ապրանքների վրա, որ այն համապատասխանում է ստանդարտներին և անվտանգ է: «Կառավարությունը պետք է մակնշի, որ սա պաղպաղակ է և այն, որը մակնշված չէ, ուրեմն պաղպաղակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման մասնակիցները խոսել են նաև տնտեսվարողների կողմից իրականացվող զեղչերի խախտումների շուրջ: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ ոչ միայն պատժվեն այն տնտեսվարողները, որոնք խախտումներ են կատարել, այլ նաև խրախուսվեն այն տնտեսվարողները, որոնք խախտումներ չեն իրականացրել: «Շնորհակալագիր տանք այդ մարդկանց, ասենք, որ շնորհակալ ենք, որ այդպես եք աշխատում: Գործելակերպի փոփոխության համար մենք պետք է ոչ միայն վատ գործելակերպը պատժենք, այլ նաև լավ գործելակերպը խրախուսենք»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ անդրադարձել է հանրապետության տարբեր հատվածներում պետական սեփականություն հանդիսացող ճամփեզրերին տվյալ տարածքների օբյեկտների կամ խանութների սեփականատերերի կողմից կատարված ապօրինի գծանշումների խնդրին և արձանագրել, որ այդ ճամփեզրերն օգտագործվում են առանց որևէ իրավական հիմքի և արդյունքում՝ ճանապարհներին առաջանում են անվտանգային խնդիրներ, երթևեկության արագությունը նվազում է, պետական բյուջե որևէ միջոց չի վճարվում մասնավորի կողմից: Այս առումով վարչապետը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են վերահսկվում շուկայում առկա առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքների գները, օրինակ՝ բենզինի, դիզվառելիքի գինը կամ Սուրբ Զատիկին ընդառաջ ինչպես է կարգավորվում ձվի թանկացման հետ կապված խնդիրը: Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը հետևում է ներմուծման ամբողջ շղթային՝ հարկեր, տրանսպորտային ծախս, բորսայի գին և այլն: Մնացած բոլոր ապրանքներում դիտարկվում է տարբերությունը համանման շուկաներում: Ինչ վերաբերում է ձվի գնի հնարավոր թանկացմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ որոշ տուգանքներից հետո խնդիրը կարգավորվել է: Ըստ Գևորգյանի, նույնը վերաբերում է նաև բենզինի շուկային»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter