HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակից, Մոսկվան հույս ունի, որ Երևանը դա հաշվի կառնի. Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ: Ռուսաստանցի այդ պաշտոնյան հույս է հայտնել, որ Երևանը դա հաշվի կառնի ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակում: Զախարովան այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանն ի պատասխան, որ մի շարք պատճառներով Ռուսաստանը դադարել է լինել պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում Հայաստանի առանցքային գործընկերը։

«Հայաստանի վարչապետի հայտարարության կապակցությամբ ուզում եմ ընդգծել, որ մեր երկրները մնում են դաշնակիցներ։ Հայ ժողովրդի շահերն անբաժան են Ռուսաստանի հետ բարիդրացիական կապերից։ Եվ ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը դա հաշվի կառնի ու ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին ճիշտ ընտրություն կկատարի՝ «ճիշտ» ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ժողովրդի շահերի տեսանկյունից»,- ասել է Զախարովան։ 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտում երկկողմ հուսալի իրավապայմանագրային բազա ունեն: Մասնավորապես, նա նշել է, որ երկրների միջև գործում են 1997 թվականին կնքված բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը (1995 թվական), ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին միջպետական համաձայնագիրը (2015):

«Երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն, ներառյալ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգության ապահովումը: Երևանը հավաքական երաշխիքների տակ է նաև ՀԱՊԿ շրջանակներում, այդ թվում՝ հնարավոր ագրեսիայի դեպքում»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter