
Կիևի մոտ սկսել է կառուցվել Bayraktar-ի գործարանը
Թուրքական Baykar ավիաշինական ընկերությունը Կիևի մերձակայքում սկսել է անօդաչուների գործարանի շինարարությունը, որտեղ կարտադրվեն Bayraktar TB2 կամ TB3 անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ փետրվարի 6-ին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
«Մեր գործարանը կառուցվում է... մեզ մոտ 12 ամիս է պետք շինարարությունն ավարտելու համար։ Այնուհետև մենք կանցնենք ներքին կահավորմանը և կազմակերպչական կառուցվածքին»,- Էր-Ռիադում World Defence Show ցուցահանդեսի ժամանակ Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Բայրաքթարը։ Baykar-ի ղեկավարի խոսքով՝ գործարանում նախատեսվում է աշխատանքի տեղավորել մինչև 500 մարդու։ Այն տարեկան կկարողանա արտադրել մինչև 120 անօդաչու։
Baykar-ի գլխավոր տնօրենին նաև հարց են ուղղել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ֆոնին գործարանի կառուցման անվտանգության մասին: Դրան ի պատասխան Բայրաքթարը նշել է, որ ծրագրերը «լիովին առաջ են շարժվում» և «ոչինչ չի կարող կանգնեցնել դրանց»։
Լուսանկարը՝ SOPA Images/LightRocket via Getty Images
Մեկնաբանել