
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կիևը. կա 4 զոհ
Ռուսաստանի զինված ուժերը հրթիռակոծության են ենթարկել Կիևը, ինչի հետևանքով կա 4 զոհ և շուրջ 40 վիրավոր։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային վարչակազմը։ Ավելի վաղ, նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր 2 զոհի և առնվազն 10 վիրավորի մասին։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հրթիռակոծությունից տուժածների թվում հղի կին կա։ Նա պնդում է, որ ամենամեծ թվով մարդիկ տուժել են Կիևի Գոլոսեևսկի շրջանում՝ բազմահարկ բնակելի շենքի վրա հարվածի հետևանքով։ Վիրավորներ կան նաև Դնեպրի շրջանում։
Կիևից զատ ռուսական զորքերը հրթիռակոծել են նաև Ուկրաիանյի Նիկոլաևի, Զապորոժիեի, Խերսոնի, Խարկովի, Դոնեցկի, Սումիի, Դնեպրոպետրովսկի և Լվովի մարզերը։
Հարձակման հետևանքով մեկական մարդ է զոհվել Խերսոնի, Զապորոժիեի և Նիկոլաևի մարզերում։ Բացի դրանից, վնասվել են մի քանի բնակելի տներ, ավտոմեքենաներ և մայրուղային ցանցեր։
Լուսանկարը՝ Efrem Lukatsky / Associated Press
Մեկնաբանել