
Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը:
«Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:
Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ Սուրբ Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սիրելիներ, Վարդանանց հիշատակումն այսօր առավել քան արդիական է, որովհետև անցնող մի քանի տարիների ընթացքում հոգևոր, կրթական, մտավոր և ռազմական հարատև պայքարի մեջ ենք։ Եվ այդ պայքարը կարծես ոչ թե տանում է մեզ դեպի հաղթանակի, այլ միայն կորուստների։ Սակայն հենց այստեղ է, որ Վարդանանց խորհուրդը գալիս է մեզ պատգամելու, որ եթե մեր զորագլուխը Հիսուսն է, մեր բանակը խավարի մեջ ամենալուսավորն ու ամենաանմեղն է։ Ամեն պայքար կարող ենք հաջողությամբ պսակել, եթե մեր հայացքն ուղղված է մեր հավատքի զորագլխին»։
Հայր Շահեն նաև միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:
Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, պայծառացման և Նորին Սրբության կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել