
Շահույթի 5%-ը կվճարեն կոմբինատի աշխատակիցներին
Մայիսի 25-ին տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետերերի ժողովը: ԶՊՄԿ-ի բաժնետերերն են «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ-ն' 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ –ն' 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊԸ –ն' 12,5% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ն' 12,5% բաժնեմասով:
Գերմանական կողմից ժողովին մասնակցել են «Քրոնիմետ» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկին, «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ գործադիր տնօրեն Թոմաս Հայլը, ընկերության այլ ներկայացուցիչներ:
«Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ-ի զարգացման հիմնական ուղղություններից է ԶՊՄԿ-ի արտադրական հզորությունների ընդլայնումը: Մասնավորեցումից ի վեր առանձին ծրագրերի շրջանակներում կոմբինատում իրականացվել է ավելի քան 350 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում ապահովվել է արտադրական հզորությունների շուրջ 75 տոկոս աճ:
Ներկայումս կոմբինատում հանքաքարի վերամշակման հզորությունը տարեկան կազմում է 14 մլն տոննա: 2011թ. սեպտեմբերին նախատեսվում է գործարկել նաև տարածաշրջանում հանքաքարի մանրեցման ամենամեծ աղացների կոմպլեքսը: Բաժնետերերի կողմից որոշում է կայացվել սկսել ԶՊՄԿ-ի ընդլայնման և վերազինման հաջորդ փուլը, որի իրականացման արդյունքում նախատեսվում է վերամշակման ծավալը հասնել տարեկան մինչև 20 միլիոն տոննա:
Բաժնետերերը, հետևելով սոցիալան շուկայական տնտեսության սկզբունքներին և կարևորելով կոմբինատի աշխատակիցների մեծ դերը և նշանակությունը միջազգային մակարդակի լեռնագործական ընկերություն ձևավորելու գործում, հաշվի առնելով յուրաքանչյուրի աշխատանքային ներդրումը և ջանքերը' ուղղված արտադրական հզորությունների ընդլայնման, տեկնիկական վերազինման և անխափան աշխատանքի հարցում, միաձայն որոշել են այսուհետև, յուրաքանչյուր տարի, տնտեսական տարվա արդյունքները ամփոփելուց հետո, ԶՊՄԿ-ի զուտ շահույթի 5%-ը վճարել կոմբինատի աշխատակիցներին որպես պարգևավճար:
Հաշվի կառնվեն աշխատանքային ստաժը, զբաղեցրած պաշտոնը և կատարած աշխատանքի առանձնահատկությունները: Այսպիսով, յուրաքանչյուր աշխատակից կունենա նաև իր համապատասխան բաժնեմասը կոմբինատի շահույթից:
Որպես գերմանական ընկերություն «Քրոնիմետ»-ը պարտավորվում է հետևել սոցիալան շուկայական տնտեսության սկզբունքներին, ուստի իր համար իր անմիջական աշխատակիցները որպես կոլեգա և գործընկեր, ինչպես նաև, ընդհանուր առմամբ բնակչության բարեկեցությունը, սոցիալական պատասխանատվության առումով առանցքային նշանակություն ունեն: Հայաստանում «Քրոնիմետ Գրուպի» աշխատակիցների համար սոցիալական ապահովության համակարգի մշակումը և դրա հետագա զարգացումը հանդիսանում է ձեռնարկության ռազմավարության հիմնարար դրույթներից մեկը: Այս առումով, Քրոնմիետը, նույնիսկ տնտեսության ճգնաժամային փուլերում, երաշխավորում է աշխատատեղերի պահպանումը և աշխատանքի դիմաց համարժեք և ժամանակին վճարումը:
ՀՀ-ում «Քրոնիմետ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետերերի ժողով
Մայիսի 25, 2011թ., ք.Քաջարան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել