Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի վարչապետ
Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին վստահության քվե է տվել նոր կառավարությանը՝ նոր վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Բացի այդ, հավանության է արժանացել նաև նոր կառավարության «Եվրոպական պետության կառուցման համար» անունը կրող ծրագիրը։ Այդ մասին հայտնում է News Georgia-ն։
Կոբախիձեին վարչապետ նշանակելու և նրա գլխավորած կառավարության հաստատմանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 10-ը: Վրաստանի նոր կառավարության կազմում միայն մեկ փոփոխություն կա. պաշտպանության նախարարի պաշտոնում Ջուանշեր Բուրչուլաձեին փոխարինել է խորհրդարանի փոխխոսնակ Իրակլի Չիկովանին:
Կոբախիձեին վարչապետի պաշտոնում հաստատել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանի խորհրդարանի երեկվա նիստը տևել է գրեթե 11 ժամ և ուղեկցվել բանավեճերով, որոնք ժամանակ առ ժամանակ վերաճել են «Վրացական երազանք»-ը ներկայացնող խորհրդարանական մեծամասնության անդամների և ընդդիմության վիճաբանության։
Ընդդիմության քննադատությունը վերաբերել է տնտեսական մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ բարեփոխումներին, ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը, երկրի ապաբռնազավթման հարցերին, աղքատության հաղթահարմանը, բնակչության արտահոսքին և այլ թեմաների:
Լուսանկարը՝ AFP/Getty Images
Մեկնաբանել