HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին ի վերջո փոխարինեց Վալերի Զալուժնիին. Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը գեներալ Ալեքսանդր Սիրսկին է

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի փոփոխության մասին։ Ուկրաինայի նախագահի որոշմամբ՝ Վալերիի Զալուժնիին կփոխարինի Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ 

«Այսօրվանից Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարմանն է անցնում կառավարման նոր թիմ։ Ես ուզում եմ, որ պատերազմի տեսլականը միասնական լինի թե՛ Ռաբոտինոյի, թե՛ Ավդեևկայի մեր զինվորների, և թե՛ գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին, անդրադառնալով գեներալ Սիրսկիի նշանակմանը, հայտարարել է, որ տասնյակ զրույցներ է ունեցել տարբեր մակարդակի հրամանատարների հետ։ «Մասնավորապես, այսօր ես խոսել եմ բրիգադի գեներալներ Անդրեյ Իգնատովի, Միխայիլ Դրապատիի, Իգոր Սկիբյուկի և գնդապետներ Պավել Պալիսայի և Վադիմ Սուխարևսկու հետ։ Նրանք բոլորը դիտարկվում են բանակում ղեկավար պաշտոնների համար ու կծառայեն Ուկրաինայի ամենափորձառու հրամանատարի ղեկավարությամբ»,- հավելել է Ուկրաինայի առաջնորդը։

Մինչ այդ, Ուկրաինայի նախագահը պատմել էր, որ հանդիպել է Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ, քննարկել, թե ինչ թարմացումների կարիք ունեն զինված ուժերը՝ առաջարկելով զինվորականին «շարունակել լինել թիմում»։

Ինքը՝ Զալուժնին, ևս գրել է Զելենսկու հետ հանդիպման մասին՝ տեղեկացնելով, որ Ուկրաինայի նախագահի հետ «կարևոր և լուրջ զրույց» է ունեցել։ Նա հայտարարել է, որ «մոտեցումների և ռազմավարության փոփոխության անհրաժեշտության մասին որոշում է կայացվել»: Իր գրառման մեջ Զալուժնին ուղղակիորեն չէր ասել՝ արդյո՞ք խոսքը գնում է իր հրաժարականի մասին: Ավելի ուշ Զալուժնիի ազատման մասին հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել էր, որ Վալերի Զալուժնիին «բաժին էր ընկել ամենաբարդ խնդիրներից մեկը՝ ղեկավարել Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի հետ մեծ պատերազմի ժամանակ», բայց, ըստ նրա, «պատերազմը նույնը չի մնում» և «փոփոխություններ է պահանջում»։ «2024 թվականը նոր փոփոխություններ կբերի, որոնց պետք է պատրաստ լինել։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռազմավարություններ։ Անկեղծորեն շնորհակալ եմ Վալերի Ֆյոդորովիչին բոլոր ձեռքբերումների և հաղթանակների համար»,- հավելել է Ումերովը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի նոր հրամանատարը «պաշտպանության կազմակերպման հաջող փորձ ունի»: Մասնավորապես, ըստ Զելենսկիի, Սիրսկին «ղեկավարել է Կիևի պաշտպանական գործողությունը», ինչպես նաև հարձակման կազմակերպման հաջող փորձ ունի Խարկովի ազատագրման գործողությունում։

Ալեքսանդր Սիրսկին ծնվել է Ռուսաստանում՝ Վլադիմիրի մարզի Նովինկի գյուղում: Նա սկզբում սովորել է Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանում, այնուհետև՝ Ուկրաինայի պաշտպանության ազգային ակադեմիայում։ Սիրսկին Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար էր նշանակվել 2019 թվականի օգոստոսին։

Ինչպես գրել է The Washington Post-ը, 58-ամյա Սիրսկին «մեծ ժողովրդականություն չի վայելում շարքային մարտիկների շրջանում»։ Նրանցից շատերը նրան համարում են «խորհրդային ոճի հրամանատար», որը Բախմուտում բավականին երկար ժամանակ զորքերը պահում էր կրակի տակ՝ չհամաձայնելով նահանջել։

Սիրսկին դեռ չի մեկնաբանել իր նշանակումը։ Զալուժնիի հետագա ճակատագրի մասին նույնպես հայտնի չէ։ «Ես գեներալ Զալուժնիին առաջարկել եմ շարունակել միասին լինել ուկրաինական պետության թիմում։ Շնորհակալ կլինեմ նրա համաձայնության համար»,- գրել է Զելենսկին։ Զալուժնին ազատումից հետո հրապարակային հայտարարություններ չի արել։

Կոլաժը՝ Euronews-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter