HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցականներն ու ջրասույզները աջակցում են կիկլոպյան պատերի կառուցմանը

Սևանա լճի շրջանում ապրողներն ու այցելուները շուտով ականատես կլինեն մի հետաքրքիր շինության… Հավատարիմ պատմական, մշակութային և բնական ժառանգության պահպանման սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից արվեստի տարածմանը՝ «Սևակ» միությունը և Շվեցարիայում բնակվող հայազգի արվեստագետ Ալինա Մնացականյանը 2011թ. հոկտեմբերին սկսել են մի նախագիծ, որը միավորում է և արվեստը և ուսուցումը:

«Մեր կիկլոպյան պատերը»

Նպատակն է հասարակության ուշադրությանը ներկայացնել Հայաստանի պատմական ժառանգության կարևորությունը, ինչպես նաև երկրի ներկա բնապահպանական իրավիճակը և գալիք սերունդներին սպասվող ապագան:

Ընդհանուր նախագիծը

Օրինակ ունենալով Լճաշեն գյուղի մոտ գտնվող 4-5 հազարամյա կիկլոպյան պատերը՝ մոտ ապագայում շրջանում հավաքված աղբից ստեղծվելու են նմանատիպ պատեր: Այս արվեստի գործը, որի կառուցմանը սատարելու են նաև տեղի բնակիչները, առիթ է դառնալու բնապահպանական հարցերի արծարծմանը և ուսուցմանը։

Նախապատրաստական փուլը սկսվել է 2011 թ. հոկտեմբերի վերջին տարածքում՝ Լճաշենում, աղբահավաքման աշխատանքներով: Այն հիմնականում իրականացվել է տեղի և Երևանի դպրոցականների ու ուսանողների մասնակցությամբ: Երկու օրվա ընթացքում 130 կամավորի օժանդակությամբ հավաքվել է 9 մ3 աղբ, որը նախ տեսակավորվել է, ապա պահպանվել:

Նախագծի երկրորդ փուլը կմեկնարկվի սույն թվականի հուլիս 15-ին նոր կամավորների, նաև Երևանի դպրոցներից, Լճաշենի բնակիչների և աշակերտների հետ միասին: Սրան զուգահեռ, ֆրանս-հայկական ջրասույզների մի խումբ, որը գիտահետազոտական աշխատանք է կատարում Սևանա լճում, ցուցադրելու է իր աշխատանքը, թե ինչեր կարելի է գտնել ու հանել լճի հատակից:

Աղբահավաքման այս միջոցառումները հետապնդում են հասարակությանը ոգևորելու և որոշ տարածքներ մաքրելու նպատակ, բայց նաև դեն նետվող անպետք իրերին տալով «նոր կյանք»՝ ստանալ այլ իրեր՝ միաժամանակ զարգացնելով ստեղծագործական երևակայությունը:

Սա է մղում արվեստագետ Ալինա Մնացականյանին ստեղծելու «կիկլոպյան» արվեստի գործ: Բազմագույն պլաստիկե շշեր, մետաղի կտորներ և կենցաղային այլ թափոններ միացվելու են իրար և դառնալու են «քարեր», որոնք հետո վերածվելու են պատի։

Նախագծի ղեկավարները ցանկանում են արվեստի գործն ապագայում ցուցադրել Հայաստանի այլ քաղաքներում՝ ծրագրին առնչվող նյութերի վերաբերյալ նաև հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելու առիթ ստեղծելով ՝ մշակութային արժեքների պահպանման, արժևորման, աղբի վերամշակման, բնապահպանական ուսուցման և այլ նպատակներով:

Նախագծի գործընկերներն են Երևանի քաղաքապետարանը, Շվեյցարական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակը, Լճաշենի համայնքը, «Էկո Ինջինիրինգը», Արվեստի և մշակույթի հետազոտությունների լաբորատորիան (ACSL), Հետազոտության և ջրասույզների հայկական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter